Բաժիններ՝

«Եթե դուք գեղեցիկ եք առանց դիմահարդարման, ձեր ինչի՞ն է այն պետք». Կարլ Լագերֆելդ

Կարլ Լագերֆելդը նորաձևության ժամանակակից աշխարհի խոշորագույն դեմքերից է: Այդ պատճառով էլ մեզ համար, անկասկած, հետաքրքիր կլինեն նորաձևության տիտանի մի քանի խորհուրդներն այն մասին, թե ինչպես նորաձև, ոճային ու ժամանակակից տեսք ունենալ:

Խորհուրդ 1. Հագուստ ընտրելիս միշտ այն հարմարեցրեք ձեր կազմվածքի տիպին: Հաճախ կարելի է տեսնել կանանց և տղամարդկանց, որոնք հպարտորեն կրում են այնպիսի իրեր, որոնք բացարձակապես չեն սազում իրենց: Ինչպե՞ս կարելի է նորաձև լինել, եթե հիմար տեսք ունես: Այդ պատճառով էլ անգամ ամենագեղեցիկ զգեստը կամ կոստյումը չարժե գնել, եթե դրանք ձեր կազմվածքի վրա շահեկան տեսք չունեն:

Խորհուրդ 2. Օգտագործեք պարզ բաներ: Մեզ շարունակ պարտադրում են շատ աքսեսուարներ, հագուստի բազմաշերտություն, որպեսզի չլինենք բոլորի նման ու տարբերվենք ամբոխից: Արդյունքում՝ ստացվում է նույն ամբոխը, միայն թե՝ նորաձև: Սակայն չպետք է մոռանալ, որ հարմարավետ բլուզը և լավ նստած ջինսե տաբատը բոլոր ժամանակների համար են նորաձև: Դրանց ավելացրեք հետաքրքիր բաճկոնակ, և վերջ. կատարյալ տեսքն ապահովված է:

Խորհուրդ 3.  Հնարավորինս հրաժարվեք դիմահարդարումից: Բնական գեղեցկությանը հարկավոր չեն դիմափոշիներ, դեմքը սպիտակեցնող նյութեր և շրթներկեր: Մեծ հաշվով, այդ ամենը փչացնում է մաշկը: Եթե դուք գեղեցիկ եք առանց դիմահարդարման, ձեր ինչի՞ն է այն պետք: Բնական գեղեցկությունը միշտ էլ ավելի գրավիչ է, քան արհեստականը:

Կարդացեք նաև

Խորհուրդ 4. Հագնվեք սեզոնին համապատասխան: Հիմարություն է ցեխի միջով թաց եղանակին քայլել սպիտակ վերարկուով, իսկ ամառային արևոտ օրերին՝ մոխրագույն ու  մռայլ հագուստ կրել: Որպես կանոն՝ հիշեք, որ գարնանն ու ամռանը պետք է վառ գույներով հագուստ կրել, իսկ աշնանն ու ձմռանն ընտրեք հանգիստ, խամրած երանգներ:

Խորհուրդ 5. Արեք ամեն բան սլացիկ կազմվածք ունենալու համար: Նորաձև հագուստի մեծ մասը պատրաստվում է հենց սլացիկ կազմվածք ունեցող մարդկանց համար: Այդ պատճառով էլ նիհարիկ աղջկա համար ավելի հեշտ է նորաձև լինելը: Բացի այդ՝ նրանք քիչ են հիվանդանում ու երկար են ապրում: Սա ասելով՝ Կարլ Լագերֆելդը նկատի ուներ հենց իրեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս