Ժողովրդականության ուժն ու «խաղաղապահ» զորքը
Ինչպես շատերս սպասում էինք, հետընտրական Հայաստանում արտաքին հարաբերությունների հետ կապված թեմաներն առաջնային դիրք են գրավում: Կարծում ենք՝ մյուս տարվա սկզբից դրանք դեռ ավելի են շեշտվելու: Խնդիրն այն է, որ որևէ տեղ չեն կորել այն արտաքին մարտահրավերները, որոնք, եթե չասենք՝ պայմանավորել են, բայց առնվազն շեշտված արտաքին ֆոն են եղել ներհայաստանյան քաղաքական կյանքի այն որակապես նո՛ր փուլի, որի սկզիբը հաշվում ենք 2016թ. ապրիլից:
Խոսքը ոչ թե ընդհանրապես արտաքին մարտահրավերների մասին է, որոնք միշտ էլ կան, այլ դրանց նոր որակի մասին՝ նոր որակ, որն էլ իր ազդեցությամբ միանգամայն նորոգել է նաև ներքին քաղաքական զարգացումը: Ընդհանրապես, ասենք, որ բաժանումն արտաքին և ներքին քաղաքականության՝ միշտ էլ պայմանական է, ինչպես բաժանումը համաշխարհային և ազգային պատմությունների՝ երկու դեպքում էլ փոխպայմանավորվածությունը, փոխազդեցությունը՝ որպես կանոն, մի քանի անգամ ավելի մեծ է, քան սովորաբար պատկերացնում ենք:
Բաժանման այս պայմանականությունը, դրա վերացական բնույթը երբեք պետք չէ մոռանալ: Իրականում կա մե՛կ քաղաքականություն, որի երանգներն են ներքինն ու արտաքինը, բայց ոչ առանձին էություններ, ինչպես կա մեկ պատմություն, որի ճյուղերն են համաշխարհայինն ու ազգայինը:
Արտաքին մարտահրավերները, որոնց մասին խոսում ենք, հետևանք են մեծ տարածաշրջանային (Մերձավոր Արևելք, հետսովետական տարածք) և ընդհանրապես միջագային մեծ փոփոխությունների: Ակնհայտ է, որ 2010-ականների համաշխարհային միտումներն էապես տարբերվում են նախորդ մոտ երկու տասնամյակի միտումներից: Ոչ թե սովորական փոփոխությունների և զարգացումների հետ գործ ունենք, այլ առնվազն մի մեծ անցումային անկայունության փուլի հետ, որը կամ կավարտվի վերադարձով դեպի նախկինը, կամ էլ վերջնականապես կարող է վերաձևակերպել աշխարհակարգը և հանգեցնել մի նոր համաշխարհային իրավիճակի, ինչպես բազմիցս եղել է և անպատճառ լինելու է պատմության մեջ:
Հենց այս մեծ փոփոխությունների, անցումային շրջանի «քամիներն» էլ վերջնականապես հասան Հայաստան 2016-ին: Իհարկե, որոշ ազդեցություններ մինչև այդ էլ եղան, այնպես չէ, որ մեկ օրում ամեն բան միանգամից փոխվեց, բայց 2016-ի ապրիլյան պատերազմը կարող ենք համարել ազդարարում Հայաստանի վերջնական անցման նոր միջազգային մթնոլորտի դաշտ:
Երկու կարևոր միտում հատկապես պետք է առանձնացնենք:
Առաջինը՝ պատերազմներ և քաղաքական համակարգերի փլուզում կամ կիսափլուզում Մերձավոր Արևելքում, և մյուս կողմից՝ Ուկրաինայում, ընդ որում՝ երկու դեպքում էլ կա մի կողմից, այսպես ասած, ներքին պատերազմը՝ բուն տեղական խմբերի միջև, մյուս կողմից՝ դրա ավելի լայն շրջարկ կազմող «արտաքին» պատերազմը, այսինքն՝ մեծ և միջին տերությունների ներգրավվածությունը տեղական կոնֆլիկտներում և վերջինիս տարբեր կողմերին հովանավորելը, կամ, ավելի պարզ ասած, տերությունների միջև փաստացի պատերազմը միմյանց դեմ տեղացիների ձեռամբ:
Այս առաջին միտման անուղղակի կամ ուղղակի (կարող եք ընտրել՝ ըստ ճաշակի) արձագանքն ապրիլյան պատերազմն էր Ղարաբաղում, որը նույնպես ակնհայտորեն միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևանք և խնդիր չէր:
Երկրորդ միտումը՝ այսպես կոչված, «պոպուլիստական» շարժումների վերելքն է Եվրոպայում և ԱՄՆ-ում, ընդ որում՝ Արևմտյան քաղաքակրթության երկու «ֆլագման» պետություններում՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում «պոպուլիզմի» փաստացի հաղթանակով՝ ի դեմս Թրամփի նախագահության և Brexit-ի հարցով հանրաքվեի: Նաև արձանագրենք, որ վերջին ամիսներին կարծես ավելի է հստակեցվում «պոպուլիզմի» բնույթը, այն բանից հետո, երբ Թրամփն ինքն իրեն կոչեց նացիոնալիստ, և որպես արձագանք դրան՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հակադրեց հայրենասիրությունն ու նացիոնալիզմը՝ վերջինս որպես բացասական բևեռ նշելով, բաց փաստացի ի դեմս հայրենասիրություն եզրի՝ մասամբ ճանաչելով նույն նացիոնալիզմը: Իսկ Վ. Պուտինն էլ իրեն կոչեց «առողջ նացիոնալիզմի» կողմնակից՝ հակադրելով առողջը «քարայրայինին», այսինքն՝ արտաքուստ իրեն տեղադրեց Թրամփի և Մակրոնի միջին դիրքում, բայց փաստացի նույնպես դիրքավորվեց՝ որպես ազգայնական:
Այս երկրորդ համաշխարհային միտման արձագանքը կարող ենք համարել 2018-ի ապրիլյան հեղափոխությունը, որը շատերը կոչում են պոպուլիստական, իհարկե, քննադատական իմաստով, բայց իրականությունն այն է, որ այստեղ դրական կամ բացակական գնահատականը չի կարևոր, որը, ի վերջո, աշխարհայացքի, այլ ոչ թե վերլուծության խնդիր է, այլ երևույթներն իրենց բուն շրջանակում հասկանալը, տվյալ դեպքում՝ ներքին գործընթացի ներգրավվածությունն արտաքին մթնոլորտին:
Կշտապեինք, եթե հայկական հեղափոխությունը միանշանակ դասեինք արևմտյան պոպուլիստական շարժումների շարքին: Բայց նաև սա իր մեջ ունի «պոպուլիստականի» ներուժ, որը կարող է բացահայտվել կամ ոչ՝ կախված իրավիճակից: Եվ այս դեպքում մենք պոպուլիզմը դրական ենք գնահատում՝ համաձայն արդեն մե՛ր գնահատման սանդղակի: Պոպուլիզմն այս իմաստով, ի վերջո, այլ բան չէ, քան ժողովրդականություն՝ ժողովրդականության լայն հենքով սեփական ուժերի վրա հենված քաղաքականություն, ինքնիշխանության վերահաստատում, ազգային դիմադրություն արտաքին մարտահրավերներին: Այս կերպ հասկացված պոպուլիզմը, կամ, ավելի ընդունելի եզրով ասած՝ ազգային-դեմոկրատիզմը, իհարկե, այլ բան չէ, քան նույն այն առողջ նացիոնալիզմը, որին հղում է «պոպուլիստ» Թրամփը, և որն արտաքուստ հերքելով՝ փաստացի ընդունում է «հակապոպուլիստ» Մակրոնը:
Վերադառնալով բուն ասելիքին
Իրականում բավականին շեղվեցինք այն ասելիքից, որը նախապես ենթադրում էինք այս նյութի համար: Արդեն ո՛չ տեղ, ո՛չ ժամանակ է մնում՝ մանրամասնելու մի քանի կոնկրետ հայտարարությունների մասին: Դրա համար ամփոփ և ընդհանուր կձևակերպենք մեր ասելիքը:
Հատկապես Լուկաշենկոյի վերջին հայտարարություններից մեկը՝ Ղարաբաղյան կարգավորման մասին, հաստատում է ա՛յն, ինչն առանց այդ էլ շատերս կռահում էինք, սակայն չունեինք, այսպես ասած, փաստաթղթային ապացույց: Այն է՝ 2016 թվականի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների գերնպատակը, ի վերջո, ռուսական «խաղաղապահ» զորքի տեղակայումն էր Ղարաբաղյան հակամարտության գոտում: Խաղաղապահը չակերտում ենք, որովհետև, ի վերջո, չկա ու չի լինում խաղաղապահ զորք, այլ լինում է միայն այս կամ այն երկրի զորք, որի առաջնային կոչումը միշտ էլ իր ներկայացրած երկրի շահերի պաշտպանությունն է, իսկ խաղաղապահը երբեմնի խաչակրաց բանակի մերօրյա յուրահատուկ թարգմանությունն է՝ սովորական քաղաքական նպատակների քողարկում «վեհ» և «համամարդկային» անուններով:
Ինչո՞ւ է հատկապես այսօր Լուկաշենկոն հիշում խաղաղապահ զորքի, կարծես թե, արդեն անցած պատմությունը և Սերժ Սարգսյանի հրաժարումն այդ ծրագրից: Հազիվ թե՝ Սերժին հայ ազգի հերոս ներկայացնելու համար: Եթե «բածկան» այդպիսի նպատակ ունենար, ապա, դրա համար առավել հարմարը, թերևս, նախընտրական, այլ ոչ թե՝ հետընտրական շրջանն էր Հայաստանում: Ավելի գայթակղիչ է կարծել, որ Հայաստանի նախկին նախագահի անունն ու «խաչակրաց» ռուս-բելառուսական բանակի հիշատակումը կոչված են հիշեցնելու և ակնարկելու այդ բանակի տեղադրմանը ոչ ասած Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրը՝ նրա հեռացումն իշխանությունից 2018-ին: Միգուցե Բելառուսի նախագահի միջոցով մեզ ակնարկվում է այն, որ այդպիսին կարող է լինել բոլոր նրանց ճակատագիրը, ով «պոպուլիստաբար» փորձելու է դիմադրել «զորքի տեղադրման» ծրագրին՝ «խաղաղ կարգավորում» անվան տակ:
Կարող է զարմանալի թվալ՝ ինչո՞ւ Լուկաշենկոն պետք է Սարգսյանի ճակատագրով սպառնա մեկին, ով ինքն է հեռացրել Սարգսյանին իշխանությունից: Բայց քաղաքականությունն անձերը չեն, այլ հարաբերություններն են: Որևէ հեղափոխություն աշխարհիս երեսին տեղի է ունենում, որպես կանոն, երկու-երեք գործոնի զուգակցությամբ՝ ժողովրդական ընդվզում, ներիշխանական պառակտում կամ դավադրություն, արտաքին ազդեցություն: Առնվազն երկուսն այստեղ անհրաժեշտություն են, միայն մեկ գործոնով հեղափոխություն, որպես կանոն, չի լինում: Եվ մեծ գաղտնիք չէ, որ 2018-ի ապրիլին համընկել են առնվազն առաջին երկուսը, երրորդի՝ արտաքին գործոնի չեզոքությամբ, որը տվյալ դեպքում կարող ենք համարել բարյացակամ չեզոքություն (երբեք էլ ռուսներն առանձնապես չեն թաքցրել, որ իրենց համակրանքը Հայաստանում ավելի շատ երկրորդ, քան երրորդ նախագահի կողմն է):
Բայց, ինչպես ասացինք, անձերը չեն որոշիչ, այլ հարաբերությունները: Սարգսյանին հեռացրածը և նրա դիրքը զբաղեցրածը հայտնվում է նույն հարաբերությունների ցանցում, ինչ Սարգսյանը: Դիրքը պայմանավորում է իրենով նաև բովանդակություն: Եվ պատահական չէ, որ աստիճանաբար և ավելի ու ավելի հստակ այսօրվա իշխանությանը հակառակ ճամբարում հայտնվում են ա՛յն ուժերը, որոնք անցած երկու տարիներին առավել ակտիվ «հեղափոխականներից» էին (խոսքը, բնականաբար, բոլորի մասին չէ, այլ կոնկրետ հատվածի): Սրանք այն ուժերն էին, որոնք հեղափոխության ոչ թե ժողովրդական, այլ վերնախավային՝ «դավադրական» բևեռն էին, և կարող ենք համարձակորեն ենթադրել, որ նաև «խաչակրաց բանակի» տեղական գունդն էին: Սրանց հականիկոլական դիրքավորումը դեռ շարունակելու է բացվել, ընդ որում՝ ուշ թե շուտ քննադատությունը սկսելու է կրել նույն ոճն ու բովանդակությունը, ինչ նախորդ իշխանության նկատմամբ:
Ավելի պարզ ասած՝ հեղափոխությամբ հարցը դեռ չի լուծվել: Հարց ասելով՝ նկատի ունենք՝ «խաղաղապահ զորքի» տեղադրման հարցը, որը գլխավորն է 2016-ից սկսած շրջափուլում: «Խաղաղապահ զո՞րք», թե՞ ազգային բանակ՝ այս է խնդիրը:
Բայց կա նաև էական տարբերություն: 2016-ից սկսած «սողացող դավադրությունը», ի վերջո, հաջողվեց, քանի որ ժողովրդական՝ «պոպուլիստական» գործոնն իշխանության դեմ էր: Գուցե «Լուկաշենկոյենց» թվում է, որ իրենք են որոշել իշխանափոխության հարցը Հայաստանում, բայց իրականությունն այն է, որ որոշիչ գործոնը եղել են ժողովրդական զանգվածները: Այժմ այդ նույն զանգվածները, «պոպուլիզմը» նոր իշխանության կողմից է: Եվ դա նույնպես ունենալու է վճռական նշանակություն, եթե, իհարկե, նոր իշխանությունը կարողանա ճիշտ օգտագործել դա: Կարելի է ասել, որ իրացվել է նախորդ իշխանության «ազգ-բանակ» ծրագիրը՝ համազգային մոբիլիզացիան, որը պետք է ապահովեր դիմադրողականության նոր որակ՝ նոր արտաքին պայմաններում:
«Միջազգային հանրության» խորապես այլասերված տրամաբանության համաձայն, եթե դու ունես ժողովրդական մեծամասնության աջակցություն, ապա պետք է գնաս «համարձակ», «ոչ պոպուլյար» քայլերի: Այլ կերպ ասած՝ պետք է խաբես ժողովրդին՝ ժողովրդականություն վայելելով, անես ոչ ժողովրդական քայլեր: Սա է արդի «ժողովրդավարության» ողջ փառքն ու հմայքը, և դրա համար է այսօրվա աշխարհում «պոպուլիզմը» հայհոյանք, որովհետև քաղաքական իմաստնության գագաթը համարվում է ժողովրդին «քցելը»՝ ինչքան ավելի մեծ ժողովրդական վստահություն ունես, այնքան ավելի ոչ պոպուլյար քայլեր պետք է անես:
Իրական քաղաքականությունը ճիշտ հակառակը պետք է լինի՝ հենվելով ժողովրդական վստահության վրա, մերժել «խաչակրաց» առաջարկները, և վերահաստատել Հայաստանի ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող համախմբված հայ ժողովրդին պարտադրել որևէ լուծում, եթե Հայաստանի ղեկավարությունը ճիշտ գնահատի իր ուժը: Այս կետում մենք ուժեղ ենք նաև, որովհետև «միջազգային» ուժերը միշտ էլ թերագնահատում են ժողովուրդների ուժը: