«Բանակում կոռուպցիոն սխեմաների վնասը կարող է հասնել տասնյակ միլիարդ դրամի, ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի բանակից գողանալու դեմ». Արթուր Վանեցյան
«Շատ ոլորտներում կոռուպցիան ունեցել է բրգաձև կառուցվածք, իսկ դա նշանակում է, որ պետության անվտանգությունը եղել է վտանգված և խոցելի»,- աս մասին Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին և Անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ելույթի ընթացքում ԱԱԾ տնօրենը ընդգծել է, որ 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումների կանխման կրկնակի ավելի շատ միջոցառումներ են անցկացրել: Անդրադառնալով նաև բանակում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարին, Արթուր Վանեցյանը հիշեցրել է, որ հարուցվել է մոտ 7 տասնյակ քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել, իսկ պատճառված վնասը կարող է հասնել տասնյակ միլիարդ դրամի, ԱԱԾ վարույթում են զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել և կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ:
«Գործերով առգրավվել է ավելի քան 100 միավոր զենք և տասնյակ հազարի հասնող փամփուշտ, անթույլատրելի է բանակից գողանալը, և ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ»,- շեշտել է ԱԱԾ տնօրենը:
Արթուր Վանեցյանն խոսել է նաև նորաստեղծ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության մասին, որի մասնագետների ջանքերով 2018 թվականի 11 ամսվա ընթացքում խափանվել է պետական կայքերի վրա ավելի քան 3 մլն հաքերային հարձակման փորձ, ինչն աննախադեպ ցուցանիշ է: