Բաժիններ՝

Հրապարակվել են նոյեմբեր ամսվա ցուցանիշները: ՏԱՑ-ը նվազել է, իսկ արտահանումը կրճատվել է 5 տոկոսով

Համաձայն սահմանված ժամանակացույցի, նոյեմբերի 20-ին Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ի սկզբանե պետք է նշենք, որ չնայած բացասական կանխատեսումներին, նոյեմբեր ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության դրական ցուցանիշ: Ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի նոյեմբեր ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 3.6 տոկոս:

Ըստ այդմ, 2018 թվականի 11 ամիսների արդյունքներով՝ ՏԱՑ-ը նվազել է՝ կազմելով 5.7 տոկոս, հունվար-նոյեմբերի նկատմամբ դանդաղելով ևս 0.3 տոկոսային կետով: Նվազումը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության ոլորտում գրանցված բացասական ցուցանիշով:

Հասկանալու համար տնտեսական ակտիվության բովանդակությունը, պետք է վերլուծել առանձին ոլորտների թողարկումների աճի դինամիկան։ Ինչպես երևում է գծապատկերից, նոյեմբեր ամսին առավել մեծ բացասական նպաստում է ունեցել գյուղատնտեսության ոլորտը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով -8.3 տոկոսով: Արդյունքում՝ ոլորտի տարեկան կուտակային ցուցանիշը 11 ամսվա կտրվածքով կազմել է -8.1 տոկոս:

Նոյեմբեր ամսին արդյունաբերության ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 1.1 տոկոս ակտիվության ցուցանիշ, ինչը սպասելի է՝ հաշվի առնելով ոլորտի՝ տարեսկզբից տեղի ունեցող զարգացումները: Մասնավորապես, գարնանից չի գործում Թեղուտի հանքավայրը, իսկ հոկտեմբեր ամսվա կեսերից կասեցվեց նաև Ալավերդու գործարանի աշխատանքը: Այս ամենի արդյունքում՝ ոլորտի կուտակային ցուցանիշը հունվար-նոյեմբերին նվազել է 0.4 տոկոսային կետով՝ կազմելով 4.1 տոկոս:

Շինարարության ոլորտում շարունակում է դանդաղումը, և ամսական աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրկին մոտ է 0-ականին և կազմում է 0.2 տոկոս: Վերջինս 1.0 տոկոսային կետով նվազեցրել է ոլորտի տարեկան թողարկումների աճի ցուցանիշը, 6.5-ից հասցնելով 5.5-ի:

Այս ամիս դանդաղում է նկատվել նաև առևտրի ոլորտում: Նոյեմբեր ամսվա արդյունքներով՝ աճը նախորդ տարվա նոյեմբեր ամսվա նկատմամբ կազմել է 5.3 տոկոս, ինչի արդյունքում տարեկան աճի ցուցանիշը դանդաղել է 0.4 տոկոսային կետով՝ կազմելով 9.2 տոկոս:

Որոշակի արագացում է նկատվել ծառայությունների ոլորտում: Եթե նախորդ ամիս ոլորտը դանդաղել էր, իսկ ՏԱՑ-ը կազմում էր 16.6 տոկոս, ապա նոյեմբեր ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 17.5 տոկոս, ինչի արդյունքում տարեկան կուտակային ցուցանիշը կազմել է 18.4 տոկոս՝ այնուհանդերձ պահպանելով աճի բավականին բարձր մակարդակը:

Ամփոփելով օպերատիվ հավաքագրված ցուցանիշները, պետք է նշենք, որ կրկին բացասական ցուցանիշ է արձանագրել արտահանումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանման ծավալները կրճատվել են 5 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 12.5 տոկոսով:

Հայկ Բեջանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս