Խնդրահարույց է, որ Արցախի զինվորական վերնախավում փոփոխությունները որևէ կերպ չեն բացատրվում, չեն հիմնավորվում ու մեկնաբանվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի շուրջ տարատեսակ հայտարարությունները, դրական արձանագրումների մասին հավաստիացումներն ու կոնկրետ քայլերի սպասումներն առաջիկա տարում զուգակցվում են Արցախի ներսում՝ Հայաստանի իշխանությունների ձեռամբ տեղի ունեցող փոփոխություններով:

Ասել է թե, հայաստանյան իշխանությունները ոչ միայն որևէ հիմնավոր դիրքորոշում չեն հայտնում՝ բացառելու տեղեկատվական հոսքերի մանիպուլյատիվ բնույթը, այլև իրենց քայլերով Արցախի շուրջ տեղեկատվական այդ հոսքերին ավելացնում են նաև Արցախի ներսում տեղի ունեցող պրոցեսները:

Իսկ ներհայաստանյան դավադրապաշտական շրջանակների ամբողջական կոնցեպտը, իմիջիայլոց, չի վարանում հայտարարել, որ Փաշինյանը Արցախի հարցում ունեցած դավադիր պլանի շրջանակներում մտադիր է թուլացնել Արցախի զինվորական վերնախավին: Այս կոնտեքստում հատկապես խնդրահարույց է, որ ո՛չ Արցախի զինվորական վերնախավում փոփոխությունները, ո՛չ էլ ժամանակին ԶՈՒ հետախուզության պետին՝ վարչապետի խորհրդական նշանակելու հակասական փաստը որևէ կերպ չեն բացատրվում, չեն հիմնավորվում ու մեկնաբանվում:

Ստացվում է, որ Ռուսաստանը Արցախյան խնդրով ակնկալում է կոնկրետ քայլեր, ինչպես օրերս նշել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ադրբեջանի ԱԳ նախարար Մահմեդյարովը երիցս դրական է գնահատում իր հայաստանցի կոլեգայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, միաժամանակ Բելառուսի նախագահն է «շատ պատահականորեն» հիշում Սերժ Սարգսյանին արված առաջարկը տարածքները հանձնելու մասին, բայց այս տեղեկատվական աղմուկի՝ ընդ որում, բավական բարձր պաշտոնատար մակարդակով արտահայտվող աղմուկի կողքին չկա Հայաստանի իշխանությունների քաղաքական գնահատականը ու կա միայն դիվանագիտական լեզվով արվող և ոչինչ չասող հայտարարությունների շարք:

Այն, որ նոր իշխանությունները բախվելու էին արտաքին քաղաքական որոշակի փորձությունների, մանավանդ ղարաբաղյան խնդրի հետ կապված նրանց փորձելու էին ներքաշել որոշակի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերի իրացման մեջ՝ հույսը դնելով անփորձության վրա, ենթադրելի էր:

Միաժամանակ պարզ է, որ անկախ փորձառությունից ու դիվանագիտական հմտություններից, այս իշխանությունն ունի բավարար պոտենցիալ ու մեկնարկային այնպիսի պայմաններ, որպեսզի իրացնի Հայաստանի ու Արցախի շահերը ամբողջությամբ, հետևաբար դավադրության տեսություններին հավատալու հակված չենք:

Սակայն, երբ մի կողմից արտաքին սուբյեկտներից հնչում են իրար փոխլրացնող ու անհանգստացնող մեսիջներ, զուգահեռ էլ երկրի ներսում կա սկեպտիցիզմի չափաբաժնի չարաշահմամբ զբաղված որոշակի խմբերի ակտիվություն, իշխանությունները պարտավոր են, ի վերջո, մի կողմ թողնել խուսափողական հռետորաբանությունն ու պրոակտիվ դիրքորոշում ձևակերպել Հայաստանի համար կենսական այս հարցի շուրջ: Իրավիճակի վրա որոշակի լույս սփռեցին վարչապետի պարզաբանումները Դիլիջանում:

Իհարկե, բոլոր հարցերը չէ, որ սպառիչ պատասխաններ ստացան: Հասկանալի է, որ հազիվ թե այս հարցում չափից ավելի բաց տեղեկատվության ակնկալիք կարող է լինել: Բայց, համենայն դեպս, նորության առումով «ոչ»–ը հնչեց: Այնպես որ, գոնե այս չափով, այսինքն՝ այսպես ասած, թույլատրելիի չափով, իրազեկումն ու նախաձեռնողականությունը անհրաժեշտ են: Ընդ որում, ոչ թե միայն «հետո», այլ՝ նաև «նախ» սկզբունքով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս