«Սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացել ենք, ոչ մի խոսակցություն չի եղել». Տաթևիկ Ռևազյան

168.am-ը գրել էր, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ՝ Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն գործուղման շրջանակում։

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահը շեշտեց, որ Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ շփումը եղել է չծրագրված, ուստի Հայաստանի ղեկավարության հետ համաձայնեցնելու հարց չէր կարող լինել:

«Չնախատեսված հանդիպում է եղել, հանպատրաստից, սուրճ ենք խմել: Այս պարագայում ես չգիտեի՝ նրանք գալու են, թե չեն գալու: Կոնկրետ խնդիր էլ չենք ունեցել ինչ-որ հարց քննարկելու Ադրբեջանի հետ: Սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացել ենք, ոչ մի այլ խոսակցություն չի եղել: Ընդամենը սուրճ ենք խմել, առաջին  անգամ իրար տեսածներին ծանոթացրել են. տարբեր երկրների քաղավիացիայի բոլոր ղեկավարների հանդիպում էր: Պատկերացնում եք, որ սենյակում տարբեր երկրների ղեկավարներ լինեն, և ես փախչեմ, ու Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարը լինի, իսկ մենք՝ ոչ: Մենք զբաղվում ենք թռիչքային անվտանգությամբ և իրավունք չունենք ցույց տալու, որ պոլիտիկա կա… Կարդացեք, թե ինչ է ասում ԻԿԱՕ-ն»,- մանրամասնեց Տաթևիկ Ռևազյանը՝ նշելով, որ իրենք շեշտը դնում են թռիչքային անվտանգության վրա:

«Իրականությունից չենք կարող փախչել, Ադրբեջանը և Թուրքիան  մեր հարևան երկրներն են: Հետո` ինքնաթիռները նրանց տարածքով անցնում են, մտնում մեր տարածք, և նույնը` Թուրքիայից, ուստի պետք է նորմալ հարաբերություններ պահպանենք` անվտանգությունից ելնելով: Այո, ադրբեջանական ինքնաթիռ չի գալիս մեզ մոտ,  հայկական ինքնաթիռ չի գնում Ադրբեջան, բայց շատ ինքնաթիռներ են անցնում և’  նրանց տարածքով, և’  մեր: Նավիգացիան 2 ուղղությամբ է՝ մեկը զբաղվում է, որ ինքնաթիռներն իջնում են օդանավակայաններում, երկրորդն ուսումնասիրում է այն թռիչքները, որոնք իրականացվում են: Այսինքն՝ թռիչքային անվտանգությունն ապահովելու համար այդ կապը կա, սա կարող եք գրել»,- ասաց Ռևազյանը:

Հարցին՝ ադրբեջանական կողմը սուրճի սեղանի շուրջ արդյո՞ք ակնարկել է Ստեփանակերտից քաղաքացիական թռիչքների իրականացման մասին, նա պատասխանեց. «Ոչ մի նման հարց, ընդհանրապես նման բան չի եղել: Կարծում եմ` կվախենային»:

Տեսանյութեր

Լրահոս