«Այդ անշարժ գույքերի հետ կապված քրեական գործ չի հարուցվել». Մանվել Գրիգորյանի պաշտպան

«Տարածքի հետ կապված՝ օրենքով սահմանված կարգով դիմել ենք կառավարությանը, որի ուժով այն նվիրաբերության հիմքով հանձնել ենք կառավարությանը։ Դրանից հետո պետական լիազոր մարմինները և պետությունը՝ ի դեմս կառավարության, պետք է կայացնեն համապատասխան որոշում՝ նվիրաբերությունն ընդունելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը:

Լրագրողները պաշտպանից հետաքրքրվեցին՝ այդ տարածքն օրինակա՞ն ճանապարհով է ձեռք բերվել, ինչին ի պատասխան՝ պաշտպանը հետևյալն ասաց. «Ստուգումներ են արվել 90 ականներից սկսած, խոշորացույցով նայվել են Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների գործողությունները։ Կոնկրետ այդ տարածքի հետ կապված՝ բացարձակ չկա մի դրվագ, որ ձեռք է բերվել ոչ օրինական հիմքով»։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների կողմից ձեռք բերված մյուս գույքին, նա ասաց, որ քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ն խոշորացույցով զննել է այդ տարածքները, որպեսզի տեսնի՝ հանցակազմ կա՞, թե՞ ոչ. «Արդյունքում՝ քրեական հետապնդում չիրականացվեց։ Ինչ արեց դրանից հետո ՀՔԾ-ն. նա դա ուղարկեց, որպեսզի քաղիրավական հարթության վրա պետական լիազոր մարմինները կամ ՏԻՄ-երն այն վիճարկեն, այսինքն՝ քրեական հարթության հետ կապված՝ բացարձակ աղերս չկա։ Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի նման լիազորություններին, ես կարծում եմ, որ օրենքով ամրագրված չէր, նա չուներ այդ իրավասությունը՝ ցուցում տալու պետական լիազոր մարմիններին, որպեսզի սկսեն քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով գործառույթներ։ Համենայնդեպս, մենք այսօր ունենք հետևյալ պատկերը՝ այդ 20-30 տարածքների հետ կապված՝ քրեական գործ առկա չէ»։

Փաստաբանն ընդգծեց. «Մենք սիրով պատրաստ կլինենք տեսնել՝ ով է այն լիազոր մարմինը, որը քաղաքացիական իրավական հարթության վրա պետք է այդ գործարքը փորձի անվավեր ճանաչել։ Եթե այդ գույքը կեղծ մրցույթների արդյունքում ձեռք բերված լիներ, ապա վարույթ իրականացնող մարմինը վաղուց կշտապեր քրեական գործ հարուցել, հանրությանը տեղեկացնել, կանխակալ վերաբերմունք հայտնել, որ հանցակազմ կա։ Մեկ անգամ ևս փաստում եմ՝ այդ անշարժ գույքերի հետ կապված՝ քրեական գործ չի հարուցվել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս