Բաժիններ՝

Մխիթարյանը զանգահարել է խաղադաշտ մտած երկրպագուին

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղին»: Խաղի վերջում տեղի ունեցավ միջադեմ, որը լայն քննարկումների առիթ է տվել ոչ միայն անգլիական մամուլում: Հայ երկրպագուն Մոնթե Մելքոնյանի շապիկով և Արցախի դրոշով վազել է խաղադաշտ և փորձել է դրոշը փոխանցել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Հայ երկրպագուի արարքը բարկացրել է ադրբեջանցի ֆուտբոլիստներին, ովքեր վազել են դեպի երկրպագուն: Սակայն, անվտանգության աշխատակիցները դաշտից դուրս են բերել նրան:

Հայ երկրպագուն ազատ է արձակվել և խուսափել է տույժերից: Մեր գործընկեր ArmFootball-ի հետ զրույցում խաղադաշտ մտած երկրպագուն՝ Սպարտակ Ադամյանը, նշել է, որ հաջորդ օրը իրեն զանգահարել է Հենրիխ Մխիթարյանը և զրուցել է նրա հետ միջադեպի վերաբերյալ: Սպարտակ Ադամյանը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին ցուցաբերած վերաբերմունքի համար: 

Սպարտակ Ադամյանը հերքել է նաև այն խոսակցությունները, թե ադրբեջանցի ֆուտբոլիստը ապտակել է իրեն: Ըստ Սպարտակի՝ ադրբեջանցի ֆուտոբլիստը պարզապես դիպել է իր մեջքին: Դա տեսնելով՝ Հենրիխ Մխիթարյանը փորձել է մոտենալ Սպարտակին, սակայն անվտանգության աշխակիցները վերահսկել են իրավիճակը:

Խաղից հետո Սպարտակի արարքը անտարբեր չի թողել նաև «Ղարաբաղի» գլխավոր մարզչին, ով հետխաղյա ասուլիսում նշել է, որ նման արարքը բնորոշ է միայն վախկոտ մարդկանց:

Սերգեյ Ջանջոյանը նշում է, որ «Ղարաբաղի» մարզչի հայտարարությունը խոսում է այն մասին, որ անակնկալը բավական «հաճելի» է ստացվել: 

«Տեղեկացնում ենք, որ ակցիան նպատակ չի հետապնդել որևէ ֆուտբոլիստի կամ առավել ևս գունեղ ֆանտազիաներ ունեցող մարզչի վրա հարձակվելու։ Սպարտակը Արցախի դրոշով պետք է շարժվեր դեպի Հայաստանի ազգային հավաքականի ավագը՝ Մխիթարյանը։

Ակցիան միանշանակ հասավ նպատակին։ Իրականացրած ակցիայի շնորհիվ միջազգային մամուլը անդրադարձավ և լուսաբանեց Արցախի շուրջ ստեղծված խնդիրը ոչ միակողմանի և ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի կողմից հրամցված կերպով. անդրադարձ եղավ անարդարացիորեն Հենրիխի՝ Բաքվում չխաղալուն և այլն։
Մարզչի վախկոտ որակմանը անդրադառնալ կարծում եմ չարժի, քանի որ բոլորին է հայտնի՝ իրական դաշտում մարտի վախկոտն ով է եղել»։

Նշենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանը որևէ կերպ չի մեկնաբանել այս իրադարձությունը: Իսկ երեկ կայացած խաղում Մխիթարյանն այդպես էլ դաշտ դուրս չի եկել:

Հիշեցնենք, որ Բաքվում կայացած խաղին Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս