Քրիստոնեությունը կրոն լինելուց առաջ հավատք է
Արդի աշխարհում կան շատ կրոններ, ըստ որոնց ներկայացուցիչների` միակ ճշմարիտ կրոնը իրենցն է, որ ճանապարհ է հարթում դեպի Աստված: Այս բոլոր մոլորությունների մեջ մեզ միայն մի բան է մնում՝ համբերատարություն ու հանդուրժողականություն ցուցաբերել՝ մինչ վերջնական ճշմարտության հաստատում:
Սակայն, այս ամենով հանդերձ, մեզ հարկավոր են ճիշտ պատասխաններ Աստծո վերաբերյալ, որպեսզի չտատանվենք գոյություն ունեցող բազում կրոնների մեջ:
Մարդիկ ստեղծված են «հոգևոր կարիքներով», որոնք կարող են բավարարվել՝ երկրպագելով Աստծուն: Այդ կարիքները բավարարելու համար մարդիկ ստեղծել են բազմաթիվ կրոններ, որոնք հիմնված են մարդկային գաղափարների, ոչ թե Աստծո հայտնության վրա։ Որոշ կրոնական ծիսակարգեր ծառայում են մեկ նպատակի` ներգործելով մարդկանց զգացումների և գիտակցության վրա, նրանց ենթարկել տվյալ խմբի կամ նրանց առաջնորդների կրոնական պատկերացումներին: Նման կրոններն օգտագործում են մարդկանց իրենց նպատակների համար: Սակայն, ի տարբերություն բազմաթիվ կրոնների, քրիստոնեությունը` ի դեմս Հիսուս Քրիստոսի, եկավ, որ ճանաչելի դարձնի մեզ Աստծուն և հռչակի, որ Աստված սեր է, և Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով մարդու կրոնական ձգտումները կարող են լիարժեք բավարարվել, քանի որ Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք Հոր մոտ չի գալիս, եթե ոչ ինձնով»(Հովհ. 14.6): Որպեսզի կրոնն օգնի մարդկանց մոտենալ Աստծուն, այն պետք է առնչվի նրանց ապրելակերպին՝ առօրյա կյանքին, ոչ թե լինի պարզապես ծեսերի և արարողությունների մի համակարգ։
Քրիստոնեությունը կրոն լինելուց առաջ հավատք է, որը հիմնված չէ մարդկային փիլիսոփայության վրա։ Այստեղ կարևոր է կենսակերպն ու գործնականում Քրիստոսի օրինակին հետևելը:
Սովորաբար աղանդները ձևավորվում են առանձին անհատների կողմից և հիմնականում հոգեբանական բնույթ են կրում: Եթե նորաստեղծ աղանդների հիմքում ընկած էին անհատների հոգեկան խռովություններն ու ճգնաժամը, ապա այսօր դրանք պարզապես գումար աշխատելու միջոց են որոշ մարդկանց ձեռքում և լրտեսական ցանց` ծպտված կրոնի դիմակով: Այն կրոնները, որոնց ուսմունքները հակասում են Աստվածաշնչին, իրականում մարդկանց հեռացնում են Աստծուց։
Մարիետտա Խաչատրյան