«Իրական ընդդիմության հարցը խորհրդարանում բաց է, դա անհերքելի է»

Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար,  քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

– Պարոն Սաֆարյան, նոր Ազգային ժողովում ո՞վ է լինելու ընդդիմություն «Իմ քայլը» դաշինքին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ իրենք աջակցել են հեղափոխությանն ու շարունակելու են աջակցել Նիկոլ Փաշինյանին, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իրեն ընդդիմություն է հռչակել, սակայն մի՞թե այն կարող է հանդես գալ իրական ընդդիմադիր դիրքերից։ Ինչպե՞ս կբնորոշեք այս իրավիճակը։

– Ճիշտն ասած, հաշվի առնելով, որ հեռուստաբանավեճի ժամանակ էլ «Լուսավոր Հայաստանը» չէր հայտարարում, որ ինքը հեղափոխության կամ դրա շարունակության հետ կապված մեծ առարկություններ ու տարաձայնություններ ունի «Իմ քայլի» հետ, իհարկե, չի կարող խոսք գնալ լիարժեք ընդդիմադիր լինելու մասին։ Այսինքն` ծրագրային, գաղափարական և այլ առումներով՝ ես դժվար եմ տեսնում նրանց ընդդիմություն լինելը։ Ի վերջո, այս 2 քաղաքական ուժերը նաև 2017 թ. խորհրդարանական ընտրություններին բավականին մեծ թվով հարցերում համերաշխություն և համաձայնություն են ձեռք բերել, և նրանց ծրագիրը դրա արտացոլումն էր։

Ասել, որ 1 տարի հետո հնարավոր է, որ նրանք մեկը մյուսին դառնան սկզբունքային ընդդիմություն, այդպես չի կարող լինել։ Իսկ «Բարգավաճ Հայաստանը», բնականաբար, միշտ նույն դաշտում է դիրքավորվել՝ անկախ նրանից, թե ո՞ր իշխանությունն է՝ հեղափոխակա՞ն, թե՞ ոչ հեղափոխական։ Այնպես որ՝ իրական ընդդիմության հարցը խորհրդարանում բաց է, դա անհերքելի է։

– Նման դեպքում որտե՞ղ փնտրել իրական ընդդիմությանը, հնարավո՞ր է՝ արտախորհրդարանական ուժերն այդ բացը լրացնեն։

– Դա մեծագույն հնարավորություն է հենց արտախորհրդարանական ուժերի համար, որովհետև այդ ֆունկցիան ինչ-որ մեկը պիտի՞ կատարի։ Եթե այդ ֆունկցիան քաղաքական ուժերը չեն անելու, բնականաբար, հասարակությունն ինքն է անելու՝ հախուռն ձևերով, բայց դրանից քաղաքական օրակարգ չի ձևավորվելու։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կտեսնենք, թե ինչ դաշտ է ձևավորվում։ Քաղաքական դաշտը փաստացի ձևավորված չի։

– Արտախորհրդարանական ուժերից ո՞ւմ եք ընդդիմություն համարում, օրինակ՝ ՀՀԿ-ն հայտարարեց «Մերժիր Նիկոլին» շարժում սկսելու մասին։

– Լուրջ չէ, Հանրապետականը չի կարող։ Գիտեք, ատելությունը, թշնամանքը դեռևս ընդդիմություն լինել չէ, որովհետև այդպես կարող ես կոնկրետ խնդիրների հակադրվել, բայց, խոշոր հաշվով, Հանրապետականն էլ ի վիճակի չէ լինել Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը։

– Իսկ նրանց գիտելիքի պաշարը, տեղեկացվածությունը, փորձառությունը դեր չունե՞ն։

– Նրանք կքննադատեն, անշուշտ, կհասկանան՝ այս իշխանությունը որտեղ խոցելի կողմեր ունի։ Բայց եկեք հասկանանք՝ ինչ բան է ընդդիմությունը։ Դա սոսկ քննադատությո՞ւնն ենք համարում, որ իշխանությունը սխալ է անում։ Այդ սխալը նաև նախկինում ենք թույլ տվել, որովհետև իրականում ընդդիմությունն այլընտրանքային օրակարգ ու ծրագիր ունենալն է։ Կարելի է ուղղակի քննադատել Նիկոլ Փաշինյանին կամ նրա կառավարությանը, որ այս-այս բանը ճիշտ չեն անում, բայց կոնկրետ այլընտրանք՝ այլընտրանքային գաղափար, ծրագիր չկա, որովհետև եթե լիներ, ընտրություններում դա կտեսնեինք, բայց ընտրություններում մենք դա չտեսանք։

– Իսկ քաղհասարակությունը, չորրորդ իշխանությունը կարո՞ղ են լրացնել այդ բացը։

– Նրանք երբեք չեն կարող փոխարինել ընդդիմությանը, նրանք ժամանակ առ ժամանակ կկատարեն ընդդիմության դերը, բայց քննադատությունը, հակակշռումը, վերահսկումը դեռևս քաղաքական ընդդիմախոսություն չի։

– Այսինքն՝ ժամանա՞կը պետք է լուծի այդ հարցը։

– Հուսանք՝ ժամանակը կլուծի, որովհետև, ցավոք, քաղաքական դաշտը ձևավորված չէ, որպեսզի շատ հստակ խոսենք՝ ով կլինի ընդդիմություն, ով կցանկանա պրոֆեսիոնալ քաղաքականությամբ զբաղվել, ում համար քաղաքականությունը ոչ թե 5 տարին մեկ ժողովրդի առջև հայտնվելն ու ընտրություններին մասնակցելն է, այլ ամենօրյա աշխատանքը, նրանք ունակ կլինեն լրացնելու ընդդիմության բացը։

– Նոր ձևավորված ուժերի շարքերում տեսնո՞ւմ եք նմաններին՝ ՔՈ, «Սասնա ծռեր» կամ այլ, նրանցից ո՞րն է գաղափարական ընդդիմություն։

– ՔՈ-ի հետ կապված ես լավահույս եմ, «Սասնա ծռերը» նույնպես վերջին տարիներին դրվագային չեն քաղաքականություն վարել, իսկ թե որքանո՞վ կհաջողեն, այս պահին դժվար է ասել։

– Եթե ԱԺ-ում ընդդիմություն չի լինելու, նման խորհրդարանին ի՞նչ բնորոշում կտաք։

– Դեռևս վաղ է ասել։ Այն, որ ընդդիմություն չունի, գաղափարական սպեկտրը ներկայացված չէ, այսինքն՝ այդ առումով լիարժեք ներկայացուցչական չէ, դա փաստ է, բայց պրոֆեսիոնալ առումով դեռ վաղ է ասել՝ ինչ է։

– Խոսակցություններ կան, որ «Իմ քայլը» դաշինքն ինքն իրեն ընդդիմություն կլինի։ Դա հնարավո՞ր է։

– Ոչ, իհարկե, չի կարող այդպիսի բան լինել։ Այդ հայկական «նոու-հաուն» որտեղի՞ց։

– Դե, ինչպես թավշյա հեղափոխությունն է «նոու-հաու», նույն կերպ՝ դա։

– Ոչ, դա նշանակում է՝ նաև հայտարարեն, որ իրենք իրենց կփոխարինեն, իրենց դեմ հեղափոխություն կամ իշխանափոխություն կանեն, հո այդպես չէ՞։ Այստեղ նոր հեծանիվ հայտնագործել պետք չէ։ Որևէ քաղաքական ուժ ինքն իրեն լիարժեք վերահսկել չի կարող։ Եթե մենք խոսում ենք, որ ՔՊ-ն ՀՀԿ-ի նման ներքին կլաններ ու խմբակներ պետք է ունենա, որոնք իրար կհակակշռեն, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք էր իշխող ուժը, կներեք, այդպիսի հակակշռում էլ պետք չի։

– Իսկ ընդդիմության բացակայության պայմաններում իշխող ուժի համար ի՞նչ վտանգներ կան, հնարավո՞ր է՝ ուզուրպացման, դեսպոտացման պրոցես սկսվի։

– Ո՛չ, մոռացեք, ես երբեք չեմ համաձայնել և երբեք չեմ համաձայնելու այդ մտքին։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանին այդպիսի հակումներով քաղաքական, պետական գործիչ չեմ համարել ու չեմ համարելու, դա շահարկում է։ Երկրորդ՝ ով, ով, բայց մեզանից ավելի լավ Նիկոլ Փաշինյանը գիտի հեղափոխության հաջողության գաղտնիքը, և գիտի, թե ինչու ժողովուրդն իրեն միացավ՝ ճանապարհելու հին իշխանությանը, որը բազմաթիվ կարմիր գծեր էր հատել։ Ե՛վ այս առումով, և՛ ժողովրդավարության, և՛ երկրի կառավարման, և՛ կոռուպցիայի, և՛ արտաքին քաղաքականության, և՛ այլ առումներով ինքը լավ գիտի, թե հին իշխանությունն ինչ կարմիր գծեր է հատել, և ինքը, դնելով նախադեպ, որ հեղափոխություններ մեր երկրում լինելու են, եթե որևէ իշխանություն հատի այդ կարմիր գծերը, գրեթե 100%-ով վստահ եմ, որ ինքը երբեք նույնը չի անի։

Եվ այս կտրվածքով, ես լիահույս եմ, որ Հայաստանի բռնապետական ապագայի մասին որևէ զրույց չի կարող լուրջ ու հիմնավոր լինել։ Իր կառավարության ու իր իշխանության հաջողության հարցը, այսպես թե այնպես, նույնանում է երկրի հաջողության հետ։ Ինքը բոլոր շանսերը լավագույնս կօգտագործի՝ ունենալով այս արատները՝ չունենալով լուրջ ընդդիմություն, որն իր քաղաքական ուժին սթափ կպահի, չունենալով գաղափարական այլ ներկայացվածություն խորհրդարանում, որովհետև 3 ուժն էլ, ըստ էության, աջ ուժեր են և նույն դաշտում են գործում։

ԲՀԿ-ն, իհարկե, իր էլեկտորատը փորձում է ընդլայնել սոցիալական բարեգործական ծրագրերով, բայց խոշոր առումով բոլորն աջակենտրոն քաղաքական ուժեր են։ Ինչպես Փաշինյանն այդ բոլոր խնդիրները կլուծի՝ իր թիմի վերահսկողությունը և այլն, սա արդեն ժամանակը ցույց կտա։ Եվ ես կուզեմ, որ ինքը հաջողի։

Տեսանյութեր

Լրահոս