
Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նախաքննական մարմին միջնորդությամբ քննվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նիստն ընթանում է դռնփակ:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:
Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:
Կարեն Խաչատրյան