«Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներկայացրել է պետության դիրքորոշումը». Սուրեն Սարգսյանը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Երևանը չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցել, լիովին նորմալ է, և Փաշինյանն ընդամենը ներկայացրել է պետության դիրքորոշումը։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը և դրա քննադատություններին, թե դա ո՞ւմ որոշումն է։
«Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցության հարց երբևէ չի եղել՝ սկսած անկախության ձեռքբերումից։ Սա՝ առաջին։ Երկրորդ՝ ՆԱՏՕ-ի օրակարգում երբեք Հայաստանի անդամակցության խնդիր չի եղել։ Այսինքն՝ այնպես չի, որ ՆԱՏՕ-ն գրկաբաց սպասում է Հայաստանին, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այդ հարցը չկա։
Երրորդ՝ ՆԱՏՕ-ն ունի սկզբունքներ, թե ինչպես է պետություններին իր կազմ հրավիրում, կամ ինչպես են պետություններն անդամակցում ՆԱՏՕ-ին, և Հայաստանն այդ նախապայմանների մի մասին չի բավարարում, և որևէ իրավական կամ քաղաքական հիմք չկա, որպեսզի ՀՀ-ն դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասաց Ս.Սարգսյանը։
Ըստ նրա՝ այլ բան է ՆԱՏՕ-ի խորացող հարաբերությունները տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություններով և այլ գործընկերային ուղղություններով.
«Բայց կրկնեմ, ՆԱՏՕ-ի օրակարգում Հայաստանի անդամակցությունը չկա, և ՀՀ օրակարգում էլ երբևէ չի եղել ու չկա ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, ընդ որում՝ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այլ ընդհանրապես ՀՀ անկախ պատմության ընթացքում մեր արտաքին քաղաքականության մեջ նման առաջնահերթություն և թեմա չի եղել»։
Նա նշեց, որ, եթե անհրաժեշտություն լինի, հարցը կարելի է քննարկել ԱԺ-ում, բայց, համենայն դեպս, որևէ պետական պաշտոնյայի հայտարարություն չի եղել վերջին 27 տարիներին, որ ՀՀ-ն ցանկություն է հայտնում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ պետություն։
Բացի այս ամենը, ինչպես նշեց Ս.Սարգսյանը, չի կարելի համատեղել ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն. «Մենք ՀԱՊԿ անդամ դարձել ենք՝ հաշվի առնելով այն քաղաքական իրողությունները, որ մեր տարածաշրջանում կան։ Ի դեպ, Վրաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքականության օրակարգերում արդեն տասնյակ տարի, եթե ոչ ավելի, կա ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, և իրենք իրենց ամբողջ պետական կամ ռազմական կառավարման տրամաբանությունը կառուցել են այդ հեռանկարով, այսինքն՝ ՆԱՏՕ-ի չափանիշերը կիրառելով, միևնույն է, նրանց չի հաջողվել և մոտ ապագայում էլ կարծես թե չի հաջողվելու դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ նույնիսկ, եթե ՀՀ-ն նման արտաքին քաղաքական հավակնություն ունենար, դա բավարարելը չափազանց դժվար կլիներ»։