Մակրոնի հայտարարած տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո
Ֆրանիսյաի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո գումարի ծախսեր: Այդ մասին հայտնել է պետական քարտուղար Օլիվիե Դյուսոն, որը պատասխանատու է երկրի բյուջետային քաղաքականության համար:
«Կպահանջվի 8-ից մինչեւ 10 մլրդ եվրո»,- ասել է Դյուսոն՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով միջոցառումների այն փաթեթը, որոնք դեկտեմբերի 10-ին ֆրանսիացիներին ներկայացվել են նախագահի կողմից: «Մենք գտնվում ենք տնտեսական մեխանիզների կարգաբերման գործընթացում եւ մտածում ենք՝ ինչպես դրանք ֆինանսավորել»,- նշել է նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել է «դեղին բաճկոնների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին: Մակրոնը, մասնավորապես, խոստացել է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 2 հազար եվրոյից: Նաեւ Ֆրանսիայի ղեկավարը դատապարտել է ոստիկանների դեմ կիրառված բռնությունը բողոքի ակցիաների ընթացքում:
Մակրոնի կողմից հայտարարված միջոցառումները դարձել են «դեղին բաճկոնների» շարժման պահանջների պատասխանը, որոնք բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերի կեսերից: Ցույցերը հաճախ ուղեկցվում են ոստիկանության հետ ընդհարումներով եւ անկարգություններով: Չնայած հարկերի եւ աշխատավարձների նվազագույն մակարդակի աճի առումով վերջին ժամանակներս կատարված զիջումներին, «դեղին բաճկոնները» մտադիր են շարունակել իրենց ակցիաները: Իրավապահ մարմինների վերջին տվյալների համաձայն՝ «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների ընդհանուր թիվը նոյեմբերի կեսերից ի վեր գերազանցել է 4,5 հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: