
«Մենք դեռ չենք մշակել մեզ եկած ամբողջ տեղեկատվությունը». Վահագն Ավագյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այս պահին դժվարանում է ամփոփ կարծիք հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված.
«Մենք դեռ չենք մշակել մեզ եկած ամբողջ տեղեկատվությունը, այն, ինչը մեզ հասնում է, մենք փորձում ենք հանրայնացնել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց կուսակցության խոսնակ Վահագն Ավագյանը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ այս ընտրություններում մարդիկ բավականին պասիվ են, Վ. Ավագյանը նկատեց, որ ի սկզբանե համեմատելու եզրեր պետք է ունենան, որպեսզի վստահաբար ասեն, որ ընտրողներն ակտիվ չեն եղել: «Վստահաբար, մենք չենք կարող համեմատել նախորդ որևէ ընտրության հետ, հատկապես՝ գիտենք, որ նախորդ ընտրությունները բացարձակ կեղծիք են եղել։
Կարծում եմ, դեռ կայացնելու և վստահություն ձեռք բերելու կարիք ունի թե մասնակցության չափը, թե ընդանուր ընտրողների թիվը։ Համեմատելու գործիք չունենք, ուստի գնահատականներ չենք կարող տալ։ Երբ ամփոփելու լինենք, և մեր ձեռքի տակ լինի ամբողջ տեղեկատվությունը, այդ դեպքում հնարավոր կլինի գնահատականներ տալ»,- եզրափակեց Վահագն Ավագյանը։
Հիշեցնենք, որ ընտրություններից ժամեր անց Վ. Ավագյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ տարբեր ընտրատեղամասերում հայտնաբերել են տարբեր ընտրախախտումներ:
Զվարթ Խաչատրյան