«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն արդեն նկատել է մի շարք ընտրախախտումներ
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրությունների այս կարճ ժամանակահատվածում նկատել են մի քանի ընտրախախտումներ։
«Այն քվեաթերթիկները, որոնք նախորդ ընտրողի կողմից չեն օգտագործվում, հաջորդ ընտրողի համար դրվում են հասանելի վայրում և հնարավոություն են տալիս մեկ ծրարի մեջ երկու քվեաթերիկ դնել։ Դժվար է ասել, թե դրանց ճակատագիրն ինչ է լինելու, բայց ավելացնում է մեկ ավելորդ խախտում կատարել, որը կարող էին շատ պարզ ձևով թույլ չտալ։ Նախորդ ընտրողի նետած քվեաթերթիկները չպետք է հասնելի լինեին հաջորդ ընտրողների համար, բոլոր տեղամասերում այս խնդիրը կա, և կարծում եմ՝ սա կոպիտ խախտում է»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այս խնդրի մասին բարձրաձայնել է, սակայն պատասխանել են, որ խախտում չէ, և օրենքով այդպես է նախատեսված։
Նա նաև տեղեկացրեց, որ «Սասնա ծռերի» վստահված անձին թույլ չեն տվել մտնել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ և հետևել ընտրությունների ընթացքին, ինչը բացատրել են նրանով, որ իրենց մոտ եղած ցուցակներում վստահված անձի անունը չկա, ուստի 10 օր առաջ պետք է ներկայանար և գրանցվեր նշված ցուցակում. «Փաստորեն ինչ-որ ցուցակ կա, որի մասին մենք տեղյակ չենք»,- նշեց Վ. Ավագյանը։
«Ստանում ենք նաև ահազանգեր, որ քվեախցիկների հետևները բաց է, այսինքն՝ իրենց քվեարկության ընթացքին կարող են հետևել։ Մասնավորապես 3/11 ընտրատեղամասը, 156 մանկապարտեզի քվեախցերից մեկը, որտեղ քվեախցիկը դրված է պատուհանի դիմաց և հետևից հետևելու հնարավորություն կա։ 35/55 ընտրատեղամասը Քաջարանի մշակույթի պալատն է, այնտեղ քվեախցերի հետևում աստիճաներ են և բաց հատված։ Մեզ ահազանգել են, որ այդ ամենն ընտրողներին կաշկանդում է։ 29/16 ընտրատեղամասում էլ մոտ 40 րոպե առաջ մատնահետքերի չորս չեկեր ուշացումով են բերել կնքելու։ Կուտակումների դեպքեր ևս եղել են, մասնավորապես, զինվորականները քվեախցիկներին շատ մոտ են կանգնում, նման դեպք նկատել եմ 35/17 ընտրատեղամասում, սա սխալ է, և պետք է պահպանվի ողջամիտ հեռավորություն»,- շեշտեց կուսակցության խոսնակը։
Նա նաև տեղեկացրեց, որ 38/28 ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկով չի երևում քվեատուփն ու քվեախցիկը։
Բացի այդ, ահանզանգեր են ստացել, որ քվերաթերթիկում ռեյտինգային թեկնածուների անունների հերթականությունը չի համապատասխանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում նախապես հրապարակված հերթականությանը։
«Այն, ինչ ասացի, մենք ֆիքսում և հանրայնացնում ենք։ Դժվարանում եմ ասել, տեղում հանդիպող այս իրավիճակների վերաբերյալ համապաատսխան անձինք արձանագրություն կազմո՞ւմ են, թե՞ ոչ, բայց մենք այդ ամենը հանրայնացնում ենք»,- նշեց Վահագն Ավագյանը։
Զվարթ Խաչատրյան