«Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու որևէ հիմք չկա». ԱԱԾ պետ
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր 4/35 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո խոսեց ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանիn օրերս ԱԱԾ հրավիրելու մասին։
«Դավիթ Շահնազարյանին մենք ոչ թե ծանուցագիր ենք ուղարկել, այլ հրավիրվել է ԱԱԾ՝ իր կողմից առերևույթ արված հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։ Սակայն գիտեք, որ նա չի ներկայացել Ազգային անվտանգությանը և չի ներկայացրել որևէ հիմնավորող փաստարկ իր հայտարարությունների առնչությամբ, այլ հայտարարել է, որ այն քաղաքական հայտարարություն է»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Նա կոչով դիմեց քաղաքական ու պետական գործիչներին, ազատամարտիկներին և բոլոր այն քաղաքացիներին. նրանք, ովքեր ունեն տեղեկություններ, որը կհիմնավորի, որ ՀՀ-ին կամ Արցախին սպառնում է որևէ վտանգ, այսինքն՝ կա դավադրություն, որի արդյունքում պետք է հանձնվի Արցախը կամ նրա մի հատված՝ գնան ԱԱԾ և տան համապատասխան հաղորդում։
«Եթե Դավիթ Շահնազարյանը հրաժարվում է գալ ԱԱԾ, ապա սա փաստացի ցույց է տալիս, որ ինչ-ինչ նպատակներ է հետապնդել այդ հայտարարությամբ։ Նրան բերման ենթարկելու որևէ հիմք չունենք, որովհետև, եթե մարդը հայտարարություն է անում և չի գալիս դրան պաշտոնական տեսք տալու, ապա նրան բերման ենթարկելու միտք չկա, ոչ էլ հիմք։ Բոլորը կգնահատեն նրա հայտարություններն արժեք ունե՞ն, թե՞ ոչ»,- շեշտեց Ա. Վանեցյանը։
Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ն վերածվել է պատժիչ ուժի, Արթուր Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ-ին գնահատական տվողը ժողովուրդն է, քանի որ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ հասարակության մեծ մասը վստահում է անվտանգության ծառայությանը։
«Խրոխտ ձայնով և լուրջ դեմքի արտահայտությամբ արված հայտարարություններին միշտ չէ, որ պետք է լուրջ վերաբերել»,- ասաց ԱԱԾ պետը։
Զվարթ Խաչատրյան