Բաժիններ՝

Ընտրողն անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու դեպքում կարող է քվեարկել նաև դրան փոխարինող տեղեկանքով

Ընտրողները անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու դեպքում հնարավորություն ունեն դրան փոխարինող տեղեկանք ստանալ հենց այսօր անձնագրային բաժնից: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Մեր ընտրողին հնարավորինս պետք է ուսուցանել քվեակարգը մինչ քվեարկության գնալը: Սա արդեն երկրորդ ԱԺ ընտրությունն է այս քվեակարգրով, սակայն վերջին 25 տարիների ավանդական քվեակարգի համեմատ մեծ փոփոխություն է  կրել: Եվ ընտրողը պետք է իմանա, որ ստանալու է ոչ թե մեկ, այլ տասնմեկ քվեաթերթիկ, որոնցից յուրաքանչյուրը պատկանում է մեկ կուսակցության կամ դաշինքի: Տասնմեկից միայն մեկը կարելի է  դնել ծրարի մեջ: Ընտրողը ամեն քվեաթերթիկի հետևում կտեսնի տարածքային թեկնածուների անուններ: Եթե ցանկանում է  նրանցից մեկին ձայն տալ, ապա պետք է քվեարկի տվյալ թեկնածուի օգտին»,-ներկայացրեց Սմբատյանը:

Ընտրողը քվեարկության պետք է գնա անձը հաստատող երեք փաստաթղթերից մեկով: Սակայն դա պետք է  լինի վավերականության ժամկետի մեջ: Սմբատյանի խոսքով`  եթե ընտրողը չունի վավերականության մեջ փաստաթուղթ, ապա նրան հնարավորություն կտրվի նաև քվեարկել այն փաստաթղթով, որի ժամկետն ավարտվել է: «Եթե ընտրողը կորցրել է անձը հաստատող փաստաթուղթը, ապա դրան փոխարինող տեղեկանք կարող է վերցնել անձնագրային բաժնից: Այսօր աշխատում են բոլոր անձնագրային բաժինները»,-նշեց Սմբատյանը:

Ընտրողը գրանցվում է  անձը հաստատող փաստաթղթով նույնականացման սարքի մոտ աշխատող մասնագետի միջոցով: Ընտրողը պետք է աշխատակցին տա իր անձը հաստատող փաստաթուղթը, աշխատողը պարզում է` փաստաթուղթը տվյալ ընտրողինն է, թե ոչ: Եթե ընտրողն այդ տեղամասի ընտրող է, ապա ընթերցելուց հետո նրա տվյալները հայտնվում են սարքի վրա: Տվյալների բազայում առկա են այն ընտրողների ցուցակները, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ են ունեցել 2007 թվականից հետո: Մինչ այդ ձեռք բերած անձնագրի նկարները չեն էլեկտրոնայնացվել:

Սմբատյանի խոսքով` դրանից հետո ընտրողը հանձնում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Քվեարկության կտրոնը շատ կարևոր փաստաթուղթ է: Քվեարկության կտրոնն այդ պահին, ըստ էության, փոխարինում է նրա անձը հաստատող փաստաթղթին, և այն հնարավոր չէ  փոխարինել: Եթե ընտրողն այն կորցնի, ապա կզրկվի քվեարկելու հնարավորությունից:

Սմբատյանը հիշեցրեց նաև, որ քվեաթերթիկը մինչ ինքնասոսնձվող դրոշմանիշի փակցնելը չի համարվում ընտրական փաստաթուղթ: Նա շեշտեց, որ ԿԸՀ-ն հանդես է եկել մեծ իրազեկման ակցիայով, թե ինչպես պետք է գնալ քվեարկության և ինչ անել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս