«Ամբողջ հարցն այն է՝ նոր խորհրդարանում ինչպիսի՞ն կլինի ընդդիմությունը. կլինի կո՞շտ, բայց կոռեկտ, հանրային շահի հարցում կառուցողական տրամադրված լոյա՞լ, թե՞ գրպանային ընդդիմություն». Արթուր Մարտիրոսյան
Հարցազրույց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանի հետ
– Պարոն Մարտիրոսյան, նախընտրական քարոզարշավի ընթացքն ինչպիսի՞ն էր ու ի՞նչ կանխատեսումներ կանեք։
– Ընդհանուր առմամբ, ես դրական տպավորություն ունեմ նախընտրական արշավից։ Միաժամանակ, անմիջապես նշեմ, որ Երևանում նստած՝ ես չեմ կարող գնահատական տալ ամբողջ երկրում ընթացող արշավի մասին։ Միջազգային դիտորդներն առայժմ արձանագրել են աննշան քանակի խախտումներ, որոնք կապված են վարչական ռեսուրսի կիրառման հետ։ Հուսանք, որ 1991 թվականից ի վեր երկիրն առաջին անգամ կստանա իր ազատ ու արդար ընտրությունները։ Թերություններից ես կնշեի արշավի սրընթացությունը։ 12 օրը սպրինտ է, և առավելություն է տալիս այն կուսակցություններին, որոնք տեղերում ունեն կուսակցական բարձր կազմակերպվածություն։ Ընտրական օրենսգիրքն այդպես էլ չհաջողվեց փոխել, սակայն դա լիովին կանխատեսելի էր։
Որոշ կուսակցություններ ունեն իրենց սեփական հեռուստաընկերությունները, և դա նույնպես անհավասար պայմաններ է ստեղծում մրցակցային պայքարի համար, որքան էլ իրենք իրենց կոռեկտ պահեն մյուս կուսակցությունների լուսաբանման հարցում։ ԶԼՄ-ները, ընդհանուր առմամբ, սոցիոլոգիական ծառայությունները և հասարակական կազմակերպությունները որոշ չափով ավելի պասիվ են, քան կցանկանայի։ Օրինակ՝ բանավեճերից անմիջապես հետո չափումներ կամ թեկնածուների կողմից հրապարակված փաստերի ստուգում. դրանք զարգացած ժողովրդավարական երկրներում նախընտրական արշավների պարտադիր բաղադրիչ են, իսկ մեր դեպքում դա բացակայում է։ Ավելին՝ անգամ չկա միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղից ընտրողը կկարողանար տեղեկացված ընտրություն կատարելու համար ստանալ անհրաժեշտ ամբողջ տվյալները՝ կուսակցությունների կողմից արշավի ֆինանսավորման, ծրագրերի, կուսակցությունների առաջնորդների բոլոր բանավեճերի, հանրային ելույթների ու միջոցառումների մասին։ ԿԸՀ-ի էլեկտրոնային կայքը կարող էր ավելի շատ տեղեկատվություն պարունակել, սակայն մի շարք պատճառներով, և առաջին հերթին՝ կանխակալ ընկալվելուց խուսափելու նպատակով, չի կարող դա անել։ Տարօրինակ է, որ չգտնվեց մի հասարակական կազմակերոպություն (ՀԿ), որն իր վրա կվերցներ հանրությանն այդ ծառայությունը մատուցելու գործը։ Հավանաբար, դրամաշնորհներ չեն եղել։
Որպես դրական քայլ՝ կնշեմ հեռուստաբանավեճը, չնայած համակարգելու հետ կապված բոլոր թերացումներին, ժամանակի ընտրությանը (ոչ բոլորն են ի վիճակի աշխատանքային օրով մինչև գիշերվա ժամը 2-ը նստել հեռուստացույցի առաջ), և այլ բացթողումներին, ընդ որում՝ ոչ միայն նոյեմբերի 5-ի քաղաքական ուժերի բոլոր 11 առաջնորդների մասնակցությամբ բանավեճը, այլև գրեթե ամեն օր տարբեր կուսակցությունների թեկնածուների միջև բանավեճերը։ Բանավեճն ընտրողներին տեղեկացնելու ճիշտ ձև է։ Սակայն այստեղ ևս, ինչպես նախկինում, չհաշված եզակի բացառությունները, քարոզարշավը չբարձրացավ ծրագրերի և գաղափարների մրցակցության մակարդակի։ Եվ դա մեզ բերում է քարոզարշավի բովանդակային կողմին։
Պարադոքսն այն է, որ եթե ավելի վաղ ընտրողները պասիվ էին, քանի որ «ընտրությունների» արդյունքը նախօրոք հայտնի էր, ապա այժմ էլ մասամբ նույնն է, և այս անգամ ևս ոչ ոք կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակիցները համոզիչ հաղթանակ կտանեն և բավարար քվեներ կստանան խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար, ընդ որում՝ նվազագույն ջանքերով, այդ մեծամասնությունը կարող է նաև որակյալ դառնալ օրենսդրական գրեթե ցանկացած խնդիր լուծելու համար: Դա նման է ձեր ֆուտբոլային թիմի խաղին՝ կողմնակի անձի հետ. հարցն այն չէ՝ արդյոք կհաղթե՞ն, թե՞ ոչ, այլ հարցն այն է, թե ի՞նչ է լինելու հաշիվը՝ 70%, թե 85%: Արդյունքում, ընտրողների մասնակցությունը կարող է ցածր լինել «կողմնակի դիտորդի էֆեկտով», որը նկարագրված է ամերիկացի հոգեբաններ Լատանեի և Դարլեի կողմից` որպես պատասխանատվության դիֆուզիա, այսինքն՝ որոշ ընտրողներ կարող են մնալ տանը, ենթադրելով, որ ընտրողների պակաս չի լինի:
Այս ընտրություններում հիմնական ինտրիգը մնացած քաղաքական «տորթի» համար պայքարն է, որը, տարբեր գնահատականների համաձայն, կազմում է 15-30 %: Այլ կերպ ասած, ամբողջ հարցն այն է, թե նոր խորհրդարանում ինչպիսի՞ն կլինի ընդդիմությունը:
Արդյոք դա կլինի կո՞շտ, բայց կոռեկտ, հանրային շահի հարցում կառուցողական տրամադրված լոյա՞լ, թե՞ գրպանային ընդդիմություն: Դեկտեմբերի 9-ին այս հարցի պատասխանից է կախված ազգի քաղաքական առողջությունն առաջիկա 5 տարիներին: Բոլոր հարցումների համաձայն, որոնք ես տեսել եմ, չկողմնորոշված ընտրազանգվածը շուրջ 15 % է: Ես չեմ կարծում, որ դրանք իշխող կուսակցության ընտրողներն են: Իմ կարծիքով՝ դրանք այն ընտրողներն են, որոնց համար դժվար է այս կամ այն պատճառով նույնիսկ որպես հարցման մասնակիցներ, բացահայտել իրենց նախասիրությունները, քանի որ դրանք կարող են պոպուլյար չլինել: Ինչպիսին էլ լինի ընտրությունների արդյունքը, երկրի համար ամենակարևորը ազատ կամարտահայտման գործընթացի անաղարտությունն է: Եվ եթե դա տեղի ունենա, իսկ մենք մոտ ենք դրան, կարելի է խոսել այն մասին, որ թավշյա հեղափոխության հիմնական խոստումը կատարվել է: Սակայն ինձ համար դա չի նշանակում, որ այդ ձեռքբերման համար Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը պետք է քարտ-բլանշ ստանան: Որպես ժողովրդավարության կողմնակից՝ ես այն չեմ կարող պատկերացնել առանց ուժեղ ընդդիմության: Ավելին՝ խորհրդարանում պետք է ընտրվեն մարդիկ, որոնք իրավասու և պրոֆեսիոնալ են օրենսդիր աշխատանքում, և որոնց աշխատանքի որակից կախված կլինի երկրի մոտ ապագան։
– Դեկտեմբերի 7-ին դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ինչպե՞ս կգնահատեք սա, ինչո՞ւ հենց այսօր և կապ տեսնո՞ւմ եք Փաշինյան-Վանեցյան գաղտնալսված ձայնագրության հրապարակման հետ:
– Հենց որ դատարանը որոշման կայացումը հետաձգեց դեկտեմբերի 7-ին, ինձ մոտ կասկած չմնաց, թե այն ինչպիսին կլինի։ Նույնիսկ եթե դատարանի վրա ուղղակի ճնշում չի եղել, ապա քաղաքական ողջամտության միջնորդավորված ճնշումը քիչ, թե շատ ակնհայտ է։ Ընտրազանգվածի այն մասի համար, որն այս ամիսներին ապրում էր իրենց մեկնաբանությամբ ու հասկացողությամբ՝ խոստումների կատարման ու արդարության սպասումով, ստացավ իր ցանկացած ապացույցն այն բանի, որ իշխանությունների մոտ խոսքի ու գործի հակասություն չկա, որ այլ խոստումների կատարման հարցը ընտրություններից հետո ժամանակի խնդիր է։
Ինձ այս պատմության մեջ այլ բան է անհանգստացնում։ Ես որևէ կասկած չունեմ, որ նախագահ Քոչարյանի պաշտպաններն արդեն համապատասխան փաստաթղթեր են նախապատրաստում՝ ՄԻԵԴ դիմելու համար։ Եվ եթե Ստրասբուրգում այլ որոշում կայացվի, իսկ այդպիսի հավանականությունը բացառել չի կարելի, ապա ռիսկն անհամաչափ մեծ է, իսկ հետևանքները կարող են երկրի համար կանխատեսելի բացասական լինել։