
Մերկելը Համբուրգում ՔԴՄ-ի համագումարը բացել է պատվիրակների երկարատև օվացիայի ներքո

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 7-ին որպես Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Համբուրգում բացել է կուսակցական համագումարը: Պատվիրակները նրան դիմավորել են հոտնկայս երկարատեւ ծափահարություններով։
Մերկելը մի քանի անգամ փորձել է խոսել, բայց օվացիաները չեն դադարել: Ի վերջո կանցլերը հավաքվածներին հիշեցրել է, որ «մենք այսօր դեռ շատ գործեր ունենք անելու»: Դրանից հետո, վերջապես, պատվիրակներն զբաղեցրել են իրենց տեղերը, եւ համագումարն սկսել է աշխատանքը: Համագումարի ուղիղ հեռարձակումը վարում է n-tv հեռուսաալիքը:
«Մենք բոլորս էլ զգում ենք, որ սա առանձնահատուկ կուսակցական համագումար է»,- հայտարարել է Մեկելը, հավելելով, որ կուսակցության նոր ղեկավարության ընտրությունների արդյունքում, որոնք կկայանան դեկտեմբերի 7-ին, ՔԴՄ-ն պետք է «ամրապնդի իր՝ որպես կենտրոնի ժողովրդական կուսակցության դիրքերը եւ լավ առաջարկություն ձեւակերպի մեր երկրի ապագայի վերաբերյալ»:
ՔԴՄ-ի համագումարում կանցկացվեն կուսակցության նոր նախագահի, նախագահության եւ վարչության ընտրություններ: Համագումարին մասնակցում է 1001 պատվիրակ: Ավելի վաղ Մերկելը, որը Գերմանիայի կառավարությունը գլխավորում է 2005 թվականից, հայտնել է, որ 2021 թվականին չի հավակնելու կանցլերի պաշտոնին:
Նաեւ Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավարը մտադիր չէ պայքարել Բունդեսթագում տեղ գրավելու համար, իսկ Համբուրգի կուսակցական համագումարում չի առաջադրելու իր թեկնածությունը ՔԴՄ-ի նախագահի պաշտոնի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: