«Իմ առաջարկած տնտեսական ծրագրի հիմքում մեր բիզնեսի հաջողություններն են». Հայկ Սանոսյան

Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության կողմից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Հայկ Սանոսյանը թերահավատորեն է մոտենում ամենատարբեր կազմակերպությունների կողմից հրապարակված սոցհարցումների տվյալներին: Հավատում է, որ իրենց կուսակցությունը կմտնի խորհրդարան, մասնավորապես ավելի մեծ է գնահատում հենց իր հնարավորությունները: Թե որքան ձայն կհավաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում առաջադրված թեկնածուն՝ թվերով խուսափում է կանխատեսումներ անել:
Ցանկությունը՝ խորհրդարան վերադառնալու, գործարար Սանոսյանն ասում է՝ պայմանավորված է տնտեսական զարգացման իր հավակնոտ ծրագրով: Նախկին պատգամավորը թվում է մի շարք դեպքեր, երբ իր միջնորդությամբ պատգամավոր եղած շրջանում լուծվել են մի շարք հարցեր՝ Ջավախքում կենսական պայմաններին առնչվող (գազիֆիկացման, մթերքների արտահանման, շուկայի ձևավորման): Ասում է՝ մեծ է եղել իր դերակատարությունը հատկապես Հայաստան-Վրաստան իշխանությունների հարաբերությունների կարգավորման հարցում՝ Սահակաշվիլու պաշտոնավարման շրջանում:

Ո՞րն է այսօրվա անելիքը, մանավանդ, երբ փոխվել է իրականությունը, հեղինակությամբ հարցեր լուծելն այլևս արդիական չէ. 168.am-ի հետ զրույցում իր ծրագիրն է ներկայացնում պատգամավորության թեկնածու Հայկ Սանոսյանը:

– Իմ կյանքը բարվոք է, իմ ձգտումները, առավել ևս, քաղաքական չեն, բայց ունեմ տնտեսությունը զարգացնելու համապարփակ ծրագիր, դրանց մեծ մասի հիմքում իմ մասնավոր բիզնեսի արձանագրած հաջողություններն են: Պրոֆեսիոնալ տնտեսագետների խմբի կողմից տնտեսական ճշգրիտ հաշվարկներ են արված, իհարկե, որոշ դեպքերում անհրաժեշտ կլինեն լուրջ ներդրումներ, բայց այս առումով ևս կփորձեմ իմ կապերը ներդնել: Մենք դանդաղելու իրավունք չունենք, մեզ արագ քայլեր են հարկավոր տնտեսությունը շարժելու համար՝ գյուղատնտեսական, արդյունաբերական ոլորտում ծրագրեր է պետք իրականացնել:

Իմ հավակնությունները մասնավոր շահի համար չեն, միայն իմ ու իմ ընտանիքի համար չէ սա, ես ուզում եմ մեր պետության հարցերով ևս իմ չափով զբաղվել, որպեսզի մարդիկ աշխատատեղեր ունենան, զբաղվածություն ունենան մասնագետները և օտար-ամայի ճամփեքը ընտանիքները չբռնեն: Ինքս տարիներ առաջ հարկադրված ապրել եմ Սիբիրում և գիտեմ դրսում ապրելու և՛առավելությունները, և՛ թերությունները: Սակայն մենք պետք է վարենք այնպիսի քաղաքականություն, որպեսզի Հայաստանը ներկրող պետությունից դառնա արտահանող պետություն: Սա կլինի հաջողության միակ գրավականը: Այո, պետք է զարգացնել և՛ գյուղատնտեսությունը, և՛ տուրիզմը, որպեսզի ունենանք հզոր երկիր՝ հզոր բանակով, ապահով Հայաստան՝ զարգացող տնտեսությամբ: Սա է իմ ապրելու մեծ ծրագիրն ու լոզունքն ընտրություններին: Հակիրճ ներկայացնեմ, թերևս, մի քանիսը դրանցից.

Տուրիզմի զարգացման ծրագիր

Մենք պետք է կարողանանք այդ առավելությունն օգտագործել և զարգացնել տուրիզմը…
Այսօրվա դրությամբ Հայաստանում հյուրանոցների թիվը շատ քիչ է. Հաճախ պետական բարձ մակարդակով կազմակերպած միջոցառումների, միջազգային համաժողովների ժամանակ մենք կանգնում ենք փաստի առաջ: Եղածն էլ մեծամասամբ բարձրակարգ հյուրանոցներ են, որոնք հաճախ մատչելի չեն տուրիստների համար:

Մենք չունենք տարբեր կոնտինգենտի սպասարկող հյուրանոցային սերվիս: Հետևաբար՝ ես առաջարկում եմ մի ծրագիր, որն ուղղված է հենց այս սեգմենտին. այն է՝ մեր Երևանի որոշ թաղամասեր՝ Փոքր Կենտրոնը, թեկուզ արվարձանային հարմարավետ շենքերը, վերածել տուրիստական հյուրատների: Պետությունն այս դեպքում պետք է իրականացնի ծրագիր. սուբսիդավորած վարկեր տրամադրի մեր համաքաղաքացիներին՝ էժան տոկոսադրույքով, որով նրանք հնարավորություն կունենան վերանորոգել իրենց բնակարանները, որոշակի պայմաններ ստեղծել, որպեսզի հարմար գներով վարձով տան տուրիստներին: Պետության կողմից մեծ էֆեկտիվություն կունենա. այս քայլը կլինի խթան տուրիզմի զարգացման համար ,կլուծվի բնակչության զբաղվածության հարցը, կլինի փողի շրջանառություն, մարդիկ ի վերջո իրենց բնակարանները վարձով տալով՝ կկարողանան ապրուստի հարց լուծել : Այս փորձը վաղուց կիրառվում է Հռոմում և Իտալիայի հնագույն մի շարք քաղաքներում, հարևան Վրաստանում, ու արդյունավետությունն ապացուցված է: Օրինակ՝ Վրաստանում տարեկան այցելող տուրիստների թիվը պրոգրեսիվ աճ արձանագրեց՝ հասել է տարեկան 6-7 միլիոնի: Գաստրոտուրիզմը զուգահեռաբար պիտի զարգացնենք: Համեղ սնունդը խիստ կարևոր գործոն է ճանապարհորդության ուղղություններ ընտրելիս, մենք կարող ենք այս ուղղությամբ ևս լուրջ ծրագրեր իրականացնել, ունենք բավականին հարուստ ռեսուրսներ, ընդամենը մշակված աշխատունակ ծրագիր է պետք և պետական համակարգային վերաբերմունք:

Գյուղատնտեսական ոլորտ

Գյուղատնտեսական ոլորտում իմ առաջարկների փաթեթը մի քանի ուղղություն ունի, կթվեմ մեկը միայն, որում իմ փորձառությունը տարիներով է մշակվել: Խոսքը կտավատի մշակության մասին է՝ մասշտաբային և կրկին հաշվարկված ծրագիր է դա: 2003 թվականից Հայաստանում մենք ենք զբաղվում կտավատի մշակաբությամբ՝ եղբայրներիս հետ միասին: Այս տարիների ընթացքում ցանքատարածությունները մեծացան, դրանով զբաղվելը բավականին մեծ տարածում գտավ: Մարդիկ, տեսնելով մեր հաջողությունները, սկսեցին զբաղվել այս մշակաբույսի աճեցմամբ: Մենք՝ Սանոսյան եղբայրներով, կարողացանք վերականգնել այս մշակույթը, չէ՞ որ կտավատը հայկական լեռնաշխարհում պատմություն ունի:

Ես այդ ոլորտն այնքան խորությամբ եմ ուսումնասիրել, գիտական թեզս եմ պաշտպանում այս թեմայով, զուգահեռաբար զբաղվում եմ դրա բիզնեսով: Տարեկան 300 հեկտար կտավատի մշակաբույս եմ ցանում, մշակվում է ձիթայուղի արտադրության նպատակով, իսկ բույսի ցողունները հատուկ տեխնոլոգիայով մշակվում են, հետագայում օգտագործվում ներքնակների պատրաստման համար:

Եթե տեղյակ չեք, նշեմ, որ ամենաբարձրակարգ ներքնակներն աշխարհում հենց կտավատի բրդի շերտ ունեն իրենց մեջ: Սա բացառիկ բույս է, խիստ օգտակար և կիրառելի մի շարք դեպքերում՝ առողջական նպատակով, սննդի մեջ, արդյունաբերական և այլն:

Ես իմ առաջարկը կներկայացնեմ նոր ձևավորվելիք իշխանությանը, իսկ օրենսդիր անդամ դառնալու դեպքում, կարծում եմ, ավելի արագ կերպով իմ նախաձեռնությունները կվերածեմ գյուղատնտեսկան ոլորտի զարգացման ծրագրի: Իմ փորձառությունն ամենահամոզիչ փաստն է, որ մեծացնելով այս մշակաբույսի արտադրական ծավալները գյուղատնտեսական ոլորոտում՝ էական հաջողություններ կգրանցենք՝ թե եկամուտների, թե զբաղվածության, և թե արդյունաբերական ոլորտի զարգացման առումով: Հատկապես բարձրադիր գոտիներում ունենք անմշակ հողատարածքների ահռելի ծավալներ, ափսոս է, սա պոտենցիալ է, որ օգտագործել է հարկավոր: Իսկ իմ տնտեսական զարգացման ծրագրերի հաշվարկներում հենց այս տարածքներն եմ նկատի ունեցել, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերը: Տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից խիստ արդյունավետ լուծում է, վստահ եմ:

Բուսաբանական այգի

Հայաստանը հարուստ է նաև իր բուսական աշխարհով, իսկ մենք այս պոտենցիալն առհասարակ անտեսել ենք: Օրինակ՝ իմ ծրագրերից մեկը Երևանի Ավան համայնքում գործող Բուսաբանական այգուն է վերաբերում: Այստեղ ներդրումային խելացի ծրագիր է պետք անել: Ես արդեն ունեմ մի հրաշալի ծրագիր, քննարկել եմ արաբ գործընկերներիս հետ: Մեծ հետաքրքրություն կա, նախնական համաձայնություն կա, առաջիկայում հավանաբար ներդրողները կժամանեն Երևան: Նրանցից մեկը, ի դեպ, շատերին է հայտնի, կոմերցիոն նկատառումներով ստիպված եմ առայժմ անուն չհրապարակել: Հավանաբար, անկախ ընտրությունների ելքից, իմ անմիջական միջնորդությամբ նրանք հանդիպում կունենան քաղաքային իշխանության և կառավարության անդամների հետ: Ծրագիրը հավակնոտ է. Բուսաբանական այգին մտադիր ենք «ռեստարտ անել», զբոսայգին ցանկություն կա վերածել ակտիվ տուրիստական և ժամանցի գոտու: Մենք այս էկոլոգիական օազիսին պետք է տանք մի քանի նշանակություն՝ ներկայացուցչական, բնապահպանական և քարոզչական, Հայաստանի լեռնաշխարհի մասին գիտելիքներ տվող, տուրիզմի, ժամանցի և այլն:

Կոմունիկացիա

Ճանապարհների խնդիրը ես տեսնում են հետևյալ կերպ. տարիներ շարունակ կառավարությունը դրսից տարբեր ֆինանսական միջոցներ ներգրավեց, միլիոնավոր դոլարների զանազան ծրագրեր իրականացրեց միջազգային կազմակերպությունների կողմից, բայց իրականում դա արդյունք չտվեց:

Փոշիացվեցին այդ գումարները, և ըստ էության մնացինք նույն մակարդակում: Հետևաբար՝ մենք պետք է գնանք երևի թե այլ ուղղությամբ: Ամբողջ աշխարհում ընդունված է ենթակառուցվածքները տալ մասնավորներին, և այդ մասնավոր ներդրումների արդյունքում թող լինեն վճարովի բարեկարգ ճանապարհներ: Այս դեպքում միջոցները կծախսվեն վերահսկելի ձևով, արդյունքները կդառնան շոշափելի:

Ես հավատում եմ, որ իմ ընտրատարածքի բնակիչները խոհեմաբար կդիտարկեն թիվ 1-ում առաջադրված բոլոր թեկնածուների ծրագրերը, նրանցից ռոմանտիկ ելույթներն ու իրատեսական առաջարկները հստակ կտարբերակեն, հետևություն կանեն՝ մեզնից ով է ռեալ ուժ, ով՝ համոզիչ, հետևապես՝ կաջակցեն ինձ մտնել խորհրդարան:

ՄԱՐԳԱՐԻՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս