
«Ամոթ է՝ 30 տարի անց աղետի գոտում մարդիկ կան, ովքեր դեռ տնակներում են ապրում». Արթուր Բաղդասարյան

«Պետք է գիտակցենք, որ երկիրը կարող են առաջ տանել փորձված, գրագետ մարդիկ, այլ ոչ թե նրանք, ովքեր լինելով Ազգային ժողովում՝ 30 տարի խուլ ու համր են եղել:
Այսօր մենք առաջարկում ենք սոցիալ-տնտեսական զարգացման մրցունակ ծրագիր, որովհետև Հայաստանը 8 ամիս անց դեռևս չունի երկրի զարգացման հստակ տեսլական: Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում կրթության բնագավառին, առողջապահության ոլորտին, սոցիալական հիմնախնդիրներին: ՕԵԿ ջանքերով վերադարձվել են 212.000 հոգու ավանդները, շատերը սպասում են դրանց, որոնց վերադարձը մենք խոստանում ենք»,- Գյումրիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը:
«Ամոթ է՝ 30 տարի անց աղետի գոտում մարդիկ կան, ովքեր դեռ տնակներում են ապրում: Սա պետության համար անընդունելի իրողություն պետք է լինի: 2019-2020թթ. այս խնդիրն ամբողջությամբ պետք է լուծվի»,- նշեց ՕԵԿ նախագահը:
Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաև համատարած գործազրկությանը:
«Հայաստանում չքավորությունը հարձակվել է մարդկանց վրա: 1.5 միլիոն մարդ տոկոսներից չի կարողանում ձերբազատվել»,- հավելեց ՕԵԿ նախագահը:
Անի Կարապետյան