
Փարիզում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել են Սորբոնի համալսարանը

Սորբոնի հայտնի ֆրանսիական համալսարանի կենտրոնական շենքը, որը գտնվում է Լատինական թաղամասում, փակվել է անվտանգության միջոցառումների շրջանակում:
«Սորբոնի շենքը դեկտեմբերի 6-ին սովորողների ու ամբողջ անձնակազմի համար փակ է համալսարանի ռեկտորատի որոշմամբ»,- ասված է կրթական հաստատության Twitter-ում:
Europe 1 ռադիոկայանը նշում է, որ համալսարանի գլխավոր շենքի փակման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ փորձել են ներխուժել Սորբոնի տարածք:
«Օբյեկտը փակվել է որպես անվտանգության միջոց, պարապմունքները չեղյալ են հայտարարված»,- ընգգծել են համալսարանի ղեկավարությունում: Սորբոնը Ֆրանսիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը չէ, որի աշխատանքը դեկտեմբերի 6-ին դժվարացել է:
Մի քանի այլ համալսարաններում, ինչպես նաեւ դպրոցներում ակտիվիստները նույնպես փորձել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ արգելափակելով հաստատությունների մուտքը: Այսօրինակ ակցիաները հաճախացել են «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքների ֆոնին, որին ուսանողներն այդ կերպ աջակցություն են հայտնում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: