Արմեն Աշոտյանն Արարատ Միրզոյանին դատի տալու գործով կզբաղվի ընտրություններից հետո
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը երեկ իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով այն հարցին, թե ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն իրեն դատի տվե՞լ է, որի մասին օրերս գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, պատասխանել էր, որ որևէ ծանուցում չի ստացել. «Հորդորում եմ Աշոտյանին՝ ինձ դատի տալ, որովհետև մենք այդ դեպքում ստիպված կլինենք ՀՀԿ անդամների շրջանում հանցավորների ներգրավվածությունն ապացուցող փաստեր ներկայացնել, և դա կարող է վերածվել յուրօրինակ «Նյուրնբերգյան դատավարության»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Արարատ Միրզոյանը քիչ առաջ «Ազատության» ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար: Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ: Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին»։
Անդրադառնալով 168.am-ի հարցին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ ֆիքսել են այն պահը, երբ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը թույլ է տվել օրենքի խախտում։
«Բարձրաձայնել ենք, որ պատրաստվում ենք դատի տալ, բայց չենք ասել, որ այս հինգ օրը բոլոր գործերը թողնելու ենք և զբաղվեք Արարատ Միրզոյանին դատի տալով։ Խոսել եմ իրավաբանների հետ, ըստ օրենքի, մենք ունենք մեկ ամիս ժամանակ՝ զրպարտության և վիրավորանքի շրջանակներում գործ հարուցելու, և դեկտեմբերի 9-ից հետո այս հարցին կանդրադառնանք»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա, Ա. Միրզոյանն իրենց նվեր է արել, քանի որ «նման խոսքը չէր կարող վրիպել միջազգային դիտորդների ուշադրությունից, և նման պահվածքը երկրի դե յուրե ղեկավարի կողմից զարհուրելի է»։
«Սա հերթական ապացույցն էր, որ Հայաստանում ոչ մի ժողովրդավարական միջավայր չկա, ընտրություններն էլ չեն անցնում եվրոպական չափանիշերով, և այլն։ Կխոսենք ընտրություններից հետո, մենք շատ փաստեր ունենք հրապարակելու»,- շեշտեց Ա. Աշոտյանը։
Նա առանձնացրեց նաև մեկ կարևոր հանգամանք ևս, որ Արարատ Միրզոյանն իր հարցազրույցում խոստովանեց, որ կոծկում է հանցագործության մասին տեղեկատվություն:
«Կարծում եմ՝ այն հետևողական ջանասիրությանբ, որով ԱԱԾ-ն և ոստիկանությունն ընկել են մեր հայտարությունների ետևից, պետք է շտապ Արարատ Միրզոյանին հրավիրեն հարցաքննության՝ հասկանալու համար՝ այդ ինչ ինֆորմացիայի է նա տիրապետում, որը չի բացահայտում և սպասում է մեր դատական գործին։ Իրավաբան չեմ, բայց տպավորությունս այնպիսին է, որ այստեղ ոստիկանությունը լուրջ գործ ունի անելու և Արարատ Միրզոյանին հարցաքննության հրավիրելու»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։
Զվարթ Խաչատրյան