![](/banners/BeFunky-design.jpg)
«Մարզահամերգային համալիրում ամսական շուրջ 1 մլն դրամ վճարվել է ծառայության համար, որն իրականում չի կատարվել». Նարեկ Բաբայան
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/Hamalir.jpg)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չարաշահումները հիմնականում վերաբերում են պահակախմբին։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, մրցույթի արդյունքներով պահակախմբում 24 հոգի պետք է աշխատեին, բայց փաստացի աշխատում է 15 հոգի։
«Տարբերությունն ամսական շուրջ 1 մլն դրամ է, որը վճարվում է այդ ծառայությունն ապահովելու համար, բայց գործն իրականում չի կատարվում»,- ասաց Ն.Բաբայանը։
Ըստ նրա՝ որոշակի ռիսկեր կան նաև սահադաշտի հետ կապված, այսինքն՝ ցույց տրված մուտքերն իրականությանը չեն համապատասխանում. «Վստահաբար՝ ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից, քան ցույց է տրվել»։
Համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ պայմանագրի խզման վերաբերյալ Նարեկ Բաբայանը նշեց, որ Ասատրյանը ծանուցված է եղել մայիսին, որ իր պայմանագիրն ավարտվում է հուլիսի 1-ով, և նոր պայմանագիր չի վերակնքվելու և, ըստ էության, որոշումն արդեն պատրաստ էր, բայց հաշվի առնելով Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, երկարացվել է 5 ամսով, և նորից 1 ամիս առաջ ծանուցվել է, որ պայմանագիրը չի երկարաձգվելու, և անցկացվելու է մրցույթ. «Այն նախատեսվում է հունվարի վերջին, անցկացվելու է լայն իրազեկմամբ, որպեսզի բոլոր ցանկացողներն իրենց ծրագրերով հանդես գան, և շատ ավելի բաց, թափանցիկ ու մրցակցային պայմաններում անցկացված մրցույթ լինի»։