«ԱԱԾ ղեկավարը գուցե ավելի լավ վարչապետ լիներ, քան Նիկոլ Փաշինյանն է». Արմեն Աշոտյան
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացնում է՝ համաձայն այն նախընտրական ռազմավարական ծրագրի, որն ունեցել է մինչև քարոզարշավը։
Նրա բնորոշմամբ, այս քարոզարշավում ՀՀԿ-ին հաջողվել է դառնալ ընտրապայքարում գործող գլխավոր քաղաքական երկու ուժերից մեկը։
«Այն սև ու սպիտակ իրականության մեջ, որը պարտադրվել է Հայաստանին, կարողացանք ընտրապայքարի ընթացքում պարտադրել մեր քաղաքական մտահոգող օրակարգը։ Սա ակնհայտ է լրատվական, քաղաքական և անգամ հասարակական դաշտում։ Այս տեսակետից, անկախ այն խոչընդոտներից, որոնց ընտրարշավի ընթացքում բախվում է Հանրապետական կուսակցությունը և իր թեկնածուները, օրինակ՝ անհավասար հնարավորություններ քաղաքական գովազդի համար, վարչական ռեսուրսի անխնա կիրառում իշխանությունների կողմից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պասիվ վերաբերմունքը՝ ամեն օր մեր կողմից բարձրաձայնվող խախտումների հետ կապված, այդուհանդերձ, մեզ հաջողվում է տեղ հասցնել մեր ասելիքը»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա, նախընտրական քարոզարշավի երկու շաբաթների ընթացքում Հանրապետական կուսակցությանը հաջողվել է «բացել» հազարավոր մարդկանց աչքեր՝ շրջապատող իրականության վրա, ինչպես նաև հաջողվել է տեղ հասցնել տարբեր մտահոգություններ։
«Գուցե դրանցից շատերը ձեզ համար տեսանելի չեն, երկրում կա վախի, ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, որի հեղինակը և գլխավոր թողարկիչը, ցավոք, Նիկոլ Փաշինյանն է։ Այս ընթացքում ՀՀԿ-ն իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, օգտագործել և օգտագործում են բոլոր հնարավոր քարոզչական հարթակները մեր ուղերձները տեղ հասցնելու համար։ Մեր մտահոգությունները, երկրին սպառնացող տագնապներն ու ահազանգերն այլևս բուն են դրել մեր քաղաքացիների սրտերում։ Եթե ընտրարշավը լիներ մի քիչ ավելի երկար, ապա վստահաբար կարող էինք փաստել, որ մտահոգ քաղաքացիների շարժումն իրականում վեր կածվեր լուրջ քաղաքական երևույթի։
Թեպետ այսօր ևս փաստում եմ, որ մենք հավակնում ենք առնվազ տասնյակ-հազարավոր ձայների։ Դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում մենք հավակնում ենք խորհրդարանում լինել՝ որպես սկզբունքային և արմատական ընդդիմություն»,- շեշտեց Ա. Աշոտյանը։
Նրա դիտարկմամբ, ՀՀԿ-ի քարոզչական ծրագիրը գրեթե լիարժեք կյանքի է կոչվել, և առաջիկա երկու օրերի ընթացքում ավարտին կհասցնեն այն քաղաքական ուղերձները, որոնք դրդել են մասնակցելու այս ընտրապայքարին։
Արմեն Աշոտյանը վստահ է, որ ընտրությունների ազատ լինելն արդեն հարցականի տակ է, քանի որ ճնշումներ են գործադրվում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք փորձում են այցելել ՀՀԿ-ի շտաբ և շփվել թեկնածուների հետ, ուստի այս ամենը հաշվի առնելով, Ա. Աշոտյանն անհնար է համարում խոսել կատարյալ ազատ ընտրությունների մասին։
«Ցավալին այն է, որ երկրի ղեկավարումը ստանձնած անձնավորությունը, անտեսելով ՀՀ արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերներ, այդուհանդերձ, թողել է վարչապետի պաշտոնը, վերցրել է արձակուրդ և այլևս պետական կարևորագույն խնդիրներով, գոնե ակներև, չի զբաղվում, սա նշանակում է մեկ կարևոր բան, որ քաղաքական ղեկն այսօր և, ցավոք, վաղը լինելու է մի քաղաքական խմբավորման ձեռքերում, որոնք գերադասում են սեփական նեղ քաղաքական շահը պետական և ազգային շահերից։
Այս ընթացքում ծագած բազմաթիվ մարտահրավերներ են եղել, հիշատակենք միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ծավալվող դիվանագիտական սկանդալը, և բավարար է՝ հասկանալու համար, որ իշխանություններն ադեկվատ չեն Հայաստանին նետված մարտահրավերներին, սա ոչ այնքան ընտրարշավային մտահոգություն է, որքան հետընտրական»,- ընդգծեց Ա. Աշոտյանը։
Անդրադառնալով երեկ համացանցում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ պետի հեռախոսազանգի գաղտնալսմանը, Արմեն Աշոտյանը նկատեց, որ այդ ամենը ցույց է տալիս, որ ՀՀ ուժային կառույցների ղեկավարները դատավորներին փոխանցում են վարչապետի որոշումները, որոնք քաղաքական են։
«Այդ քաղաքական որոշումները, որոնք բխում են վարչապետի անձնական շահերից և տեսակետներից, վեր են ածվում դատական ակտերի։ Նման խայտառակ արդարադատության մասին խոսելը, չգիտես ինչու, Հայաստանում դարձել է արգելված։ Այդ գաղտնալսումից մեկ հետևություն ևս արեցի, հասկացա, որ ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մտածողություն ունի և գուցե ավելի լավ վարչապետ լիներ, քան Նիկոլ Փաշինյանն է»,- եզրափակեց Ա. Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան