
Իրանում հարսանիքի ժամանակ հրաձգությունը չորս մարդու կյանք է խլել

Չորս մարդ է զոհվել, եւս 16 հոգի` տուժել Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
«Այդ պատահարի հետեւանքով, ցավոք, զոհվել է չորս մարդ, 16 հոգի տուժել են»,- գործակալությունը մեջբերել է նահանգի իրավակարգի ուժերի ղեկավար Մանուչեհր Ամանէլահիի խոսքը: Գործակալության տվյալներով՝ Չաման ոչ մեծ քաղաքում դեկտեմբերի 5-ի երեկոյան հրաձգությունն սկսել էր հարսանիքի հյուրերից մեկը, որը հանել էր «Կալաշնիկով» ինքնաձիգն ու կրակ բացել այլ հյուրերի հետ տեղի ունեցած վեճից հետո:
Հրաձգությունից հետո 20 մարդու տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տուժածներից չորսն ավելի ուշ մահացել են: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հրաձիգին ու եւս երեք մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: