Խեղճը պաշտոնյանե՞րն են, որ չունեն բավարար գիտելիքներ, թե՞ ժողովուրդը, որ ունի նման պաշտոնյաներ

Ապրիլին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած հեղափոխության արդյունքում նոր ձևավորված կառավարության մեջ ներգրավեցին երիտասարդ և աշխատանքի փորձ չունեցող կադրերի։ Յուրաքանչյուր նշանակումից հետո մամուլում կարծիքներ էին հնչում՝ փորձելով հասկանալ, թե ովքեր են նոր պաշտոնյաները, որոնք պետք է որոշումներ կայացնեն։

Մինչ օրս այդ կապակցությամբ չեն դադարում կարծիքներ հնչել։ Երբ մի շարք փորձագետներ նշեցին, որ նոր կադրերը նախկիններին ակնհայտորեն զիջում են իրենց մասնագիտական կարողություններով, թավշյա հեղափոխականները արձագանքում էին՝ «կսովորեն», իսկ երբ տեսակետներ էին հնչում, որ անփորձ են, նույն այդ հեղափոխականներն արձագանքում էին՝ «մի խանգարեք, թողեք աշխատեն»:

Թողեցինք, աշխատեցին, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, մասնագիտական «բոբիկությունն» այդպես էլ չի հաղթահարվել: Այս թեզը կառավարության անդամները հաստատում են ամեն օր տարբեր հեռուստաընկերությունների եթերում կազմակերպվող բանավեճերում: Ինչ խոսք, նախկին իշխանությունների մեջ էլ կային պաշտոնյաներ, որոնց գործունեությունը հասարակության և հատկապես մասնագիտական շրջանակների կողմից հրապարակային լուրջ քննադատությունների է ենթարկվել,  սակայն այսպիսի իրավիճակ երբևէ չի եղել։ Հետաքրքիր է՝  վաղն այս պաշտոնյաներն ինչպե՞ս են մեր երկրի շահերը ներկայացնելու միջազգային ասպարեզում, որտեղ «դմփ-դմփ հու» անելով՝ ոչ մի հարց չես կարող լուծել: Որքան էլ քննադատենք նախկին իշխանություններին՝ ՀՀԿ-ին, մեղադրենք այս կամ այն խնդիրների մեջ, այսօր, միևնույն է, հեռուստաբանավեճերում Փաշինյանի թիմը ակնհայտ պարտվում է ՀՀԿ-ին գրեթե բոլոր ոլորտներում:   Եվ պարտվում են այնպիսի կարգավիճակով, որ ակամայից խղճահարության զգացում է առաջանում: Սակայն այստեղ հարցն այլ է՝ խեղճը պաշտոնյանե՞րն են, որոնք չունեն բավարար գիտելիքներ, թե՞ ժողովուրդը, որ ունի նման պաշտոնյաներ: Եվ այս ղեկավար պաշտոնյաներին նայելով՝ ակամայից երանի ես տալիս պետական կառավարման ներքին օղակների այն աշխատողներին, ովքեր ապրիլին սեփական դիմումի համաձայն հեռացան աշխատանքից:

Ի դեպ, ներքևի օղակի աշխատակիցների և ղեկավարների մասին: Այսօր գերատեսչություններում վարչության պետերը մեր պետության ամենալուրջ պաշտոնյաներն են: Այս մարդիկ, բացի այն, որ իրենց պաշտոնին հասել են տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, նաև յուրաքանչյուրն իր ոլորտի պրոֆեսիոնալ է և թրծված մասնագետ: Նրանք թեև հանրային ճանաչում չունեն, բայց իրենց ուսերի վրա են կրել հսկայական բեռ՝ տքնաջան աշխատանքով։ Սակայն, արի ու տես, որ հենց այս մարդիկ էլ կանգնած են ամենալուրջ խնդրի առաջ, որովհետև պետական կառավարման համակարգում տիրող բարձիթողի վիճակը առաջինը նրանց վրա է անդրադառնում:

Եթե նախկինում վարչության պետը ներկայացնում էր աշխատանքը, և դրա հիման վրա որոշում կայացնում էր ղեկավար կազմը (փոխնախարար, նախարար), ապա այսօր այդ ղեկավար կազմի փորձն ու գիտելիքները չի բավարարում որոշում կայացնելու համար, և արդյունքում՝ ամբողջ բեռն ընկնում է վարչության պետերի վրա: Բեռի հետ միասին, նրանց ուսերի վրա է դրված նաև ամբողջ պատասխանատվությունը, ինչն էլ ամենամեծ խնդիրն է  կառավարման այս օղակի համար:

Բանն այն է, որ, երբ պետական քաղաքականության պատասխանատվությունը դրվում է ներքևի օղակի վրա, դրանով քաղաքական ղեկավարության համար հնարավորություն է ստեղծվում խուսափել պատասխանատվությունից: Դրա արդյունքում, այս կամ այն ծրագիրը ձախողվելու դեպքում վարչապետն ու իր նախարարները մեղադրելու են վարչության պետերին, ամենախիստ ձևով քննադատելու ու վտարելու են նրանց կառավարությունից՝ հրապարակավ մեղադրանքներ հասցնելով: Հենց այս հանգամանքը գիտակցելով՝ պետական տարբեր գերատեսչությունների վարչության բազմաթիվ պետեր աշխատում են ուղղակի հեռու մնալ ցանկացած իրավիճակից, չստորագրել որևէ փաստաթղթի տակ, որպեսզի հետո խնդիրներ չունենան:

Եկել է մի իշխանություն, որը ոչ միայն չի պատկերացնում ոլորտը, պետական կառավարման համակարգը, այլև նույնիսկ չգիտի՝ ինչ է ուզում։ Թավշյա հեղափոխականները, ի պատասխան այդ քննադատությունների՝ ասացին, թե հակահեղափոխություն են անում՝ պետական համակարգի աշխատակիցները սաբոտաժ են անում իրենց դեմ։ Իրականում, սակայն,  այդ մարդիկ, որոնք քաղաքական որևէ գործընթացների մեջ չեն խառնվել երբևէ, չէին հասկանում՝ ինչ են իրենցից պահանջում, ինչ տեսլական, ծրագիր, պատկերացում, հանձնարարություն ունեն այս «նորեկները»։ Ի վերջո, պետք է խնդիր դրվի, որպեսզի այդ մարդիկ աշխատեն։

Վերջին հանգամանքը, որն ազդել է ներքին օղակի աշխատանքների վրա, պատահական հայտնված ղեկավարներն են: Գերատեսչության վարչության պետը, որպեսզի հասնի այդ պաշտոնին, 10-15 տարի աշխատել է նույն գերատեսչությունում՝ քայլ առ քայլ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու անցնելով հաստիքների աստիճանով,  վաստակել է իր պաշտոնը:

Սակայն դրանից հետո, հանկարծ, Փաշինյանի թավշյա հեղափոխական կառավարությունը Հանրապետության հրապարակից մի թմբկահար է բերում և նշանակում փոխնախարար, ով պետք է համակարգի 4-5 վարչությունների աշխատանքը: Դրա արդյունքը, բնականաբար, լինում է այն, որ հրաժեշտ ենք տալիս բանիմաց կադրերին: Հենց այդպես, այս տարվա ապրիլ-մայիսին հրաժեշտ տվեցինք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ կադրերին, ովքեր վերջին 10-ամյակի ամենախելացի, ամենակրթված ու բանիմաց պաշտոնյաներից էին:

Հենց այդ կադրերն ապահովեցին տասնամյակի ամենաբարձր աճն ու ներդրումները: Այդ կադրերը, թեև նույնիսկ ՀՀԿ-ի հետ կապ չունեին, բայց հեղափոխականները իրենց    «դմփ-դմփ հու»-ով վտարեցին բոլորին, և այսօր արդեն քաղում ենք դրա արդյունքները: Այո, պարոնայք, քաղում ենք այն, որ փոխվարչապետը չի տիրապետում նվազագույն սպառողական զամբյուղի գներին, կառավարության աշխատակազմի ղեկավարն էլ խոստովանում է, որ ինքը տեղյակ չէ տնտեսական քաղաքականությունից,  իսկ ապագա ԱԺ նախագահի պաշտոնին ձգտող Լենա Նազարյանի՝ սեփական ծրագրի չիմացության մասին խոսելն անգամ ավելորդ է, դա բոլորն են տեսել: Ու այդպիսի օրինակները բազմաթիվ են:

Որպես ամփոփում՝ պետք է նշենք, որ  այս ընտրությունների արդյունքում ձևավորվող կառավարությունն ու խորհրդարանը ժամանակավոր են: Որոշ ժամանակ անց, երբ կհաղթահարվի հեղափոխական էյֆորիան, դմփ-դմփ-հուի էֆեկտը կանցնի, և տնտեսությունն ապաշնորհ կառավարման արդյունքում լուրջ  խնդիրների առաջ կկանգնի, ժողովուրդը կհասկանա, թե ի՞նչ է կատարվում, և հենց այդ ժամանակ կլինի իսկական հեղափոխությունը:

Հիմա կմտածեք, որ խոսքը հակահեղափոխության մասին է,  բայց՝ ոչ: Նիկոլ Փաշինյանն իրավացի է, հակահեղափոխություն չի լինելու, բայց դրա փոխարեն՝ լինելու է խելոքների հեղափոխություն, ովքեր իշխանության են գալու ոչ թե զոռբայությամբ, այլ խելքով, գիտելիքով ու իմաստությամբ:

ՄԱՔՍԻՄ ՄՈՒՍԻՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս