Իրականում ում էր պետք ՀԱՊԿ նիստի հետաձգումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը ՀԱՊԿ անդամ երկրների միջև նորանոր խնդիրներ է ի հայտ բերում: Այս անգամ հակասություններ են առաջացել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի բովանդակության հայկական ու ռուսական պաշտոնական մեկնաբանությունների միջև:

Դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթաժողովը, որի ընթացքում պետք է որոշում կայացվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ:

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ, քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,- ասել էր Փաշինյանը։

Սակայն դեկտեմբերի 4-ին Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգվել է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով: «Հայաստանը խնդրել է հաշվի առնել նախընտրական արշավի և դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հանգամանքը և հետաձգել գագաթաժողովը»,- ասել է Ուշակովը: Հայկական կողմի մեկնաբանությունը չուշացավ` Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց, որ Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգելու առաջարկով։

Ըստ Եղոյանի, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ զրույցում։ Ավելին, նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով այս օրերին արձակուրդում է, ասել է, որ չի եղել ո՛չ խնդրանք, ո՛չ առաջարկություն։ Հայկական կողմը, ըստ Փաշինյանի, ասել է, որ ունի իր թեկնածուն ու բանակցելու է իր թեկնածուի շուրջ։ Փաշինյանը տարօրինակ է համարել Ռուսաստանի նախագահի խորհրդականի հայտարարությունը հայկական կողմի խնդրանքի մասին, սակայն նաև ասել է, որ չի պատրաստվում Ռուսաստանի նախագահի հետ քննարկել նրա օգնականի հայտարարությունները, թեև բոլոր հնարավոր հարցերը քննարկելու են։

Բնականաբար, Հայաստանում փորձագիտական հանրությունը, այս խնդրով հետաքրքրվող մասնագետները հիմք են ընդունում հայաստանյան մեկնաբանությունը: Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ է նման պարզ հարցի շուրջ հակասություն նկատվում Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական մեկնաբանությունների միջև, ինչը, ըստ էության, եզակի երևույթ է հայ-ռուսական հարաբերություններում:

«168 Ժամի» հետ զրույցում բելառուս քաղաքագետ Վալեր Կարբալևիչն ասաց, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգումը ճիշտ որոշում էր, քանի որ հարցի վերաբերյալ դեռ չկա կոնսենսուս անդամ երկրների միջև:

«Կարծում եմ` սա ամենաէականն է՝ այս նիստի հետաձգման թեմայի հետ կապված: Իսկ եթե խոսենք, թե որ կողմի առաջարկն է եղել, ապա դժվար է ասել, քանի որ երկու կողմերին էլ ըստ էության ձեռնտու էր այս փուլում այդ նիստի հետաձգումը, քանի որ Ռուսաստանը զբաղված է ներկայումս Ուկրաինայի հետ սրված առճակատման հարցով, ողջ դիվանագիտական կորպուսի ուշադրությունն այս հարցի վրա է, այս իրավիճակում գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ տարաձայնությունները ՀԱՊԿ-ում ավելորդ ինտրիգներ են Ռուսաստանի համար, իսկ Հայաստանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին է, և այս փուլում եթե Հայաստանի պահանջները չբավարարող որոշում կայացվի, ապա դա կազդի ընտրական գործընթացի վրա: Ուստի այս առումով, կարելի է ասել, որ կողմերից մեկը ցանկանում է հետաձգումը ներկայացնել՝ որպես մյուս կողմի առաջարկ՝ փորձելով թաքցնել իր քաղաքական նպատակահարմարությունները»,- ասաց Կարբալևիչը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում այս պաշտոնի շուրջ առաջացած թնջուկին, քաղաքագետն ասաց, որ ստեղծված իրավիճակը պատահական չէ, ինչպես պատահական չեն բոլոր այն խնդիրները, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս ՀԱՊԿ-ում:

Նրա խոսքով, ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերություններում շատ հարցեր հստակ կարգավորումներ չունեն, օդում կախված են, ինչպես օդում կախված է այս հարցի ճիշտ լուծումը:

«Ըստ էության, ստեղծված է մի իրավիճակ, երբ կողմերը պետք է սպասեն և տեսնեն, թե ինչ որոշում կկայացնի ՌԴ նախագահը, քանի որ նման իրավիճակի համար լուծում չկա ամրագրված, այլապես ղեկավարները կընթանային այդ ճանապարհով: Իսկ այս դեպքում պետք է լուծումը տա այն ուժը, որը հեղինակություն ունի բոլոր անդամ երկրների մոտ: Բայց, ըստ իս, նա որոշում չի կայացնելու ո՛չ Բելառուսի, ո՛չ Հայաստանի օգտին, որովհետև ցանկացած որոշում նրանցից մեկի օգտին՝ մյուսի հետ խնդիրներ է ստեղծելու, որը Ռուսաստանի սրտով չէ: Ուստի կփորձեն երկարաձգել ներկայիս իրավիճակը»,- ասաց քաղաքական վերլուծաբանը: Նրա համոզմամբ, այս պարագայում ոչ մի ղեկավար իրեն ոտնահարված չի զգա:

Իսկ ցանկացած այլ որոշում, Կարբալևիչի կարծիքով, խորացնելու է ճգնաժամը ՀԱՊԿ-ում, բարդ խնդիրների առջև կանգնեցնելով Ռուսաստանին:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ նման բնույթի խնդիրը վկայում է հարաբերություններում առկա պրոբլեմի մասին:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ կողմերից մեկի առաջարկը մյուսն օգտագործել է սեփական շահերի օգտին, կամ սխալմունք է տեղի ունեցել ու չհամաձայնեցված տեքստ է հրապարակվել, իսկ նման զրույցների բովանդակության շուրջ աշխատանքը հստակ է, ու նման հակասական ձևակերպումներ չպետք է լինեն:

«Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մեկնաբանել է, որ հայկական կողմը չի խնդրել, ուրեմն պետք է հավատալ: Բայց այս հակասությունների փաստն ինքնին անհանգստացնող է:

Կարող ենք նաև երկար խոսել, թե որ կողմին էր հարկավոր նիստի հետաձգումը, բայց ես չէի ցանկանա դրա վրա կենտրոնանալ, գուցե չհամաձայնեցված դիրքորոշումներ են: Ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմերը որևէ հայտարարություն չեն արել միմյանց դեմ, ՀՀ ներկայիս իշխանությունը վստահեցնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները խորանալու են: Իսկ մինչ հետագա զարգացումները հայ-ռուսական հարաբերություններում, ռուսական կողմը հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, այն ներքին ու արտաքին ուղերձներին, որոնք իշխանություններն են հղում՝ իրենց դիրքորոշումն ամբողջացնելու նպատակով: Այսինքն` կա որոշակի զգուշավորություն»,- ասաց Տարասովը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության որոշման մասին հարցին, Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իր համար կարևոր չէ, թե որ երկրի ներկայացուցիչը կզբաղեցնի այդ պաշտոնը: Ավելին, նրա խոսքով, այս հարցն արհեստականորեն ուռճացվել է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իրականում մեծ լիազորություններ չունի, որոշումներ չի կայացնում, դրանք կայացնում են ՀԱՊԿ ղեկավարները: Ուստի այս իրավիճակը, նրա որակմամբ, արհեստական է:

«Ես բազմիցս եմ խոսել այն մասին, որ եղավ սխալ հայկական կողմից, բայց դրա վրա չպետք է ուշադրություն բևեռել, Ռուսաստանը հակված չէ դրանից մեծ խնդիր սարքել, պարզապես կան կողմեր, որոնք փորձում են օգտվել իրավիճակից և ստանձնել նախագահությունը, իսկ Ռուսաստանը փորձում է «չնեղացնել» ոչ մեկին, և դա ճիշտ դիրքորոշում է: Կարծում եմ` հաջորդ տարի կայանալիք ՀԱՊԿ ղեկավարների հավաքի ընթացքում կհստակեցվի, թե ինչպես է լուծում ստանալու այս հարցը: Բայց կոնսենսուսին այլընտրանք չկա, բոլորն են այդպես կարծում` և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը, և՛ Բելառուսը, այս բոլոր երկրների ղեկավարներն այդ մասին հրապարակային խոսել են»,- նկատեց Տարասովը:

Հ.Գ. Ի դեպ, երեկ tert.am-ի խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապատեղեկատվություն չէ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, որ հայկական կողմն է դիմել ՌԴ-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու համար։

«Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման։ Իսկ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը անհանգստություն է առաջացնում ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ ձևով»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս