
Ֆրանսիայու վառելիքի հարկի բարձրացումը չեղյալ է հայտարարված ամբողջ 2019 թվականի համար

Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի ամբողջ հաջորդ տարվա ընթացքում: Դեկտեմբերի 5-ին այս մասին հայտնել է բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռյուժին՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի ուղիղ եթերում։
«Վառելիքի հարկի բարձրացումը չեղյալ է հայտարարված ամբողջ 2019 թվականի համար»,- ասել է նա:
Դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է այն միջոցների մասին, որոնք կառավարությունը ձեռնարկում է ի պատասխան «դեղին բաճկոնավորների» պահանջների: Մասնավորապես, նա հայտնել է, որ վեց ամսով կհետաձգվի բենզինի եւ դիզելային վառելիքի լրացուցիչ հարկի սահմանումը, չեղյալ է հայտարարվել ավտոմոբիլների տեխնիկական զննության արժեքի բարձրացումը, ժամանակավորապես սառեցված են էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) դեկտեմբերի 5-ի երեկոյան հավանություն է տվել կառավարության առաջարկած հարկային միջոցառումների փաթեթին: Այժմ այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է հայտնի Սենատը (խորհրդարանի վերին պալատը), հաղորդել է ՏԱՍՍ-ը: