
ԴԴՏ-ն իմունային համակարգը ճնշելով՝ կարող է մեր հանրապետությունում հանգեցնել քաղցկեղի բարձր տոկոսի

«Պարտավոր ենք օլիգարխիայի գումարներն ուղղել Հայաստանի քարի արդյունաբերության ստեղծմանը: Այն պետության համար կենսական նշանակություն ունի: Առաջարկում ենք արդյունաբերությունն ու գիտությունը վերականգնել: Մեզ պետք է տեսական ֆիզիկա, քաղաքագիտություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիամ Ավագյանն էլ ասաց, որ փնտրում են ելքեր, որպեսզի ՀՀ-ում տնտեսության զարգացումը լինի անկախ արտաքին աշխարհից. կարևորում են սեփական բնական ռեսուրսներ ստեղծելը:
Նրա խոսքով՝ արդյունաբերությունից բացի, կարևոր է բնապահպանական խնդիրները լուծելը:
«Հայտնի է, որ աշխարհում կա մի մեծ թույն, դա ժամկետանց թունաքիմիկատ ԴԴՏ-ն է, որի պաշարները Հայաստանում բազում են: Նույնիսկ այն վայրերում, երբ խորհրդային տարիներին ԴԴՏ քիչ են օգտագործել, հիմա ահավոր է վիճակը: Օրինակ՝ Վարդենիսի գյուղերում բազում թմբեր կան, որոնց տակ լրիվ ԴԴՏ-ի պարկեր են: Ողջաբերդի գերեզմանոցում էլ կա ԴԴՏ-ի պաշար: ԴԴՏ-ն իմունային համակարգը ճնշելով՝ կարող է հանգեցնել քաղցկեղի բարձր տոկոսի մեր Հանրապետությունում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն նույնիսկ գազարի, սամիթի ու այլ բանջարեղենների մեջ կա: Մեր երկրում պետք է վերահսկեն համայնքները, հանձնարարեն հավաքել ԴԴՏ-ի պաշարները: Այստեղ պետք է կառուցվի թունավոր ու ժամկետանց քիմիական նյութերի պահեստ:
Էկոլոգիայի հետ կապված ևս մեկ կարևոր խնդիր կա. ներկրվող շինանյութերն անհասկանալի և կասկածելի որակի են: Որպես լաք, սոսինձ, ներկ՝ օգտագործում ենք մեր բնակարաններում, բայց կարող է պարզվել, որ այնքան թունավոր են, որ նպաստում են իմունային համակարգի ճնշմանն ու քաղցկեղի աճին:
Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել, քանի որ պետական անվտանգության խնդիր է: Վերահսկել է պետք ներկրվող շինանյութերը, դեղանյութերը, սնունդը, թունաքիմիկատները: Մենք բացարձակ չգիտենք, թե ի՞նչ թունաքիմիկատներ, պարարտանյութեր են գյուղատնտեսության մեջ կիրառվում»,- նշեց Մարիամ Ավագյանը:
Անի Կարապետյան