«ՀՀԿ-ին հաջողվում է «Իմ քայլը» դաշինքին պարտադրել իր օրակարգը». Արմեն Բադալյան
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ նախընտրական քարոզարշավն ընթանում է «միջակ» հնարավորություններով։ 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ քաղաքական ուժերը հաշվի չեն առել մի կարևոր հանգամանք՝ քրեաօլիգարխիկ համակարգը ոչնչացվել է, և հիմա ընտրությունների էությունը, ըստ նրա՝ այլ է։
Լավ չեն պատրաստվել
«Հիմա պետք է տեղի ունենար տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկվող քաղաքական բովանդակության կամ մտքերի պայքար։ Բայց մենք տեսնում ենք, որ գնում է տրաֆարետ քարոզարշավ՝ նույն բովանդակությամբ, ինչ քրեաօլիգարխիկ համակարգի կառավարման տարիներին էր։ Դա նշանակում է, որ ուժերը լավ չեն պատրաստվել ընտրություններին»,- ասաց նա։
Ըստ քաղտեխնոլոգի՝ «Իմ քայլը» «մտքին զոռ տալու» խնդիր չունի, որովհետև ունի բարձր վարկանիշ ունեցող վարչապետ, ինչի շնորհիվ ապագա խորհրդարանում դաշինքը մեծամասնություն կունենա. «Կա նաև ԲՀԿ-ն, որն ունի կայուն ընտրազանգված, և, ամենայն հավանականությամբ, նա նույնպես կլինի խորհրդարանում։ Երրորդ-չորրորդ տեղի համար կարող են մրցակցել «Լուսավոր Հայաստանը», «Սասնա ծռերը», նաև՝ ՀՀԿ-ն, որը, դժվար է ասել՝ կանցին՞, թե՞ ոչ։ Այս երեք ուժերը կարող են մրցակցել երրորդ-չորրորդ տեղերի համար։ Ուղղակի չիրականացնելով պահանջարկ վայելող քարոզարշավ՝ «Լուսավոր Հայաստանը» միգուցե անցնի, բայց ոչ այն ծավալով, որ կարող էր ունենալ։ Մոտավորապես 20 տոկոս նրանք կարող էին վերցնել, որովհետև այդքան պոտենցիալ ունեին։
«Սասնա ծռերը» այդքան պոտենցիալ չունի, բայց 5 տոկոսից ավելի ընտրազանգված ունեն։ ՀՀԿ-ն իր քարոզարշավը ռիսկային է կառուցել, բայց, ըստ իրենց՝ ճիշտ ռազմավարությունը հակաքայլի ռազմավարությունն է. քարոզարշավը փորձում են սև ու սպիտակ դարձնել, և նրանք, ովքեր կողմ են իշխանություններին, քվեարկեն «Իմ քայլը» դաշինքին, ովքեր դժգոհ են՝ իրենց օգտին։ Սա ճիշտ ռազմավարություն է, բայց դա չի նշանակում, որ այդ ռազմավարության արդյունքում նրանք կարող են հայտնվել խորհրդարանում, միևնույն ժամանակ չի նշանակում, որ չեն կարող հայտնվել խորհրդարանում»։
ՀՀԿ-ն օրակարգ է թելադրում
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ ՀՀԿ-ին հաջողվում է «Իմ քայլը» դաշինքին թելադրել իր օրակարգը. «Այսինքն՝ ՀՀԿ-ն քննադատում է վարչապետին, վարչապետի կողմնակիցները քննադատում են ՀՀԿ-ին։ Ավելին՝ եթե դիտարկում ենք, տեսնում ենք, որ «Իմ քայլ»-ի և ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են բանավեճի մասնակցում, և ՀՀԿ-ին հաջողվում է «Իմ քայլ»-ին պարտադրել իր օրակարգը։ Սա չի նշանակում, որ նա հաջողություն կունենա, բայց այս կտրվածքով հաջողություն ունենում է։
Իսկ մյուս ուժերն ավելի գրավիչ քաղաքական բովանդակություն չեն առաջարկում, որպեսզի լրագրողներն ուշադրությունը դրա վրա դարձնեն, և նրանք ուշադրություն են դարձնում «Իմ քայլը»-ՀՀԿ մենամարտին»։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին, և կարծիքներ կան, որ գործընթացը կարծես հատուկ հարմարեցվեց ընտրական գործընթացին, որ դա խաղաթուղթ է լինելու Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Արմեն Բադալյանն այդ խնդիրը երկու կողմից է դիտարկում.
«Շատ բան կախված է նրանից, թե ինչ դատավճիռ կլինի։ Եթե երկրորդ նախագահը կալանավորվի, «Իմ քայլը» դաշինքի վարկանիշն առանց այդ էլ բարձր է, և դա, մեծ իմաստով, ոչ մի բան չի տալու, որովհետև եթե հիմա, օրինակ, 65 տոկոս է, դառնա 75, դա ոչինչ չի տալու։ Կամ եթե չկալանավորեն, արդյո՞ք դա կիջեցնի «Իմ քայլի» վարկանիշը. ո՛չ, չի կարող իջեցնել։ Վարկանիշը կիջնի, եթե ընտրություններից հետո վարչապետն արմատական բարեփոխումների չգնա։ Իսկ երկրորդ նախագահն ընդամենը կարճաժամկետ զգացմունքային էֆեկտ կարող է տալ, բայց 5-10 տոկոս ավելանալը ոչինչ չի տալու։ Բայց քանի որ դեկտեմբերի 7-ին է որոշումը հրապարակվելու, կարող ենք դիտարկել, որ սա քողարկված PR կարող է օգտագործվել այս կամ այն ուժի կողմից»։
«Ազդեցություն չի ունենա»
Ինչ վերաբերում է այս օրերին Արցախի հարցի վերաբերյալ ակտիվ քննարկումներին, քաղտեխնոլոգն ասաց, որ յուրաքանչյուր ուժ իրավունք ունի Արցախի հարցով իր տեսակետները ներկայացնել.
«Ոչ մի ուժ պարտավորված չէ մյուսի նկատմամբ, որ այդ հարցը չպետք է ներկայացնի, կամ պետք է ներկայացնի այնպես, ինչպես ուրիշին է ձեռք տալիս։ Հիմա կա կուսակցություն, որն ունի իր տեսակետը, որ այս իշխանությունն Արցախի հարցում սխալ մոտեցում ունի։ Այդ կուսակցությունն իրավունք ունի իր տեսակետն առաջ քաշելու, ոչ ոք չի արգելում այդ կուսակցությանը նման տեսակետ առաջ քաշել։ Եթե դավաճանության հետ կապված գործն առանձնացնում ենք, մնացածը յուրաքանչյուր քաղաքական ուժի տեսակետն է, և քանի որ Արցախի հարցը նուրբ հարց է, հասկանալի է, որ նախընտրական քարոզարշավի մասնակից այս կամ այն ուժը ցանկանում է օգտագործել այդ հարցը՝ իր կշիռը բարձրացնելու, մրցակցի կշիռն իջեցնելու կոնտեքստում։
Սա լավ է, թե վատ, այլ հարց է։ Շատերն ասում են՝ բարոյական չէ, բայց քաղաքականության մեջ բարոյականություն գոյություն չունի։ Եթե այս հարցն այս կամ այն ուժին հնարավորություն տա վարկանիշը թեկուզ 5 տոկոսով բարձրացնել, բնականաբար, դա օգտագործվելու է»։
Հետաքրքրվեցինք՝ ընտրողների վրա ազդեցություն կունենա՞ Արցախի խնդրի բարձրաձայնումը։ «Չեմ կարծում: Եթե հստակ փաստարկներ ներկայացվեն, որ այս իշխանությունն իրոք միտումնավոր եկել է, որ Արցախը տա Ադրբեջանին, բայց դրա համար պետք է ստորագրված փաստաթուղթ ներկայացնել։ Եթե դու կարող ես այդքանը ներկայացնել, այո, դա կազդի, որովհետև ոչ ոք չի քվեարկի այն ուժի օգտին, որն Արցախը պետք է հանձնի Ադրբեջանին։
Բայց դու փաստարկներ չունես, դու չունես փաստաթուղթ, որ վարչապետը ստորագրել է, որ պարտավորվում է Արցախը հանձնել Ադրբեջանին. չկա նման փաստաթուղթ, չկա նման իրականություն։ Ուղղակի դա օգտագործվում է նախընտրական քարոզարշավի համար։ Ընտրողների մոտ խիստ բացասական վերաբերմունք կա այն ուժի նկատմամբ, որն այդ հարցը բարձրացնում է, և, բնականաբար, նրա կողմից ցանկացած փաստարկ միանշանակ մերժվում է հասարակության մեծ մասի կողմից։ Դիտարկումները դա են ցույց տալիս։ Իսկ նրանք, ովքեր դժգոհ են ներկայիս իշխանություններից, առանց Արցախի հարցի էլ՝ «Իմ քայլին» չեն քվեարկելու, քվեարկելու են ուրիշին, բայց դա չի նշանակում՝ ՀՀԿ-ին, սա պետք է հասկանալ»։