Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար բավարար ապացույցների ապահովումը հնարավոր է դարձել միայն նոյեմբերի 30-ին. դատախազություն

Քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական հարթակներով փորձում են նախօրեին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու միջնորդություններով ՀՀ Ազգային ժողովին դիմելու նախաձեռնությունը դարձնել քաղաքական անհարկի շահարկումների, բանսարկությունների առարկա:

Մասնավորապես շահարկվում է այդ նախաձեռնությամբ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում հանդես գալու հանգամանքը՝  հանիրավի կերպով դրան հաղորդելով քաղաքական, նախընտրական երանգավորում և, առանձին դեպքերում մատուցելով որպես հակաքարոզչության դրսևորում, դա ակնհայտորեն ծառայեցնելով նեղ կուսակցական նախընտրական նպատակներին:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ նախ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար բավարար ապացույցների անհրաժեշտ համակցության ապահովումը հնարավոր է դարձել միայն նոյեմբերի 30-ին՝ համապատասխան քննչական գործողության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով:

Երկրորդ՝ ՀՀ ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համաձայնությունն ստանալու միջնորդությունները ներկայացնելու հրատապությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նշված ապացույցը ձեռք բերելուց հետո, նույն օրը, Արամ Հարությունյանը հրավիրվել է անհրաժեշտ քննչական գործողություններին մասնակցելու, որին, սակայն, վերջինս չի ներկայացել:

Վարույթն իրականացնող մարմնից տվյալներ են ստացվել այն մասին, որ քննիչին չի հաջողվել վերջինիս հետ կապ հաստատել՝ համապատասխան քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը հրավիրելու նպատակով: Այսինքն առերևույթ տվյալներ են ստացվել նաև վարույթն իրականացնող մարմնից Ա.Հարությունյանի թաքնվելու վերաբերյալ:

Ակնհայտ է, որ այս փուլում միջնորդությունների ներկայացման՝ բացառապես իրավական դաշտում գտնվող գործընթացի հրատապությունը պայմանավորված է քրեական գործի նախաքննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, քննության հետագա բնական ընթացքն ապահովելու և դրանց շրջանակներում քրեական դատավարության մասնակցի պատշաճ վարքագիծն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ նախաքննության շահը ցանկացած դեպքում ավելի կարևոր է, քան տվյալ պահի հասարակական-քաղաքական իրողություններն ու առկա օրակարգը ՝ անթույլատրելի ենք համարում քրեական գործի վերաբերյալ բավարար տեղեկատվության չտիրապետելու պայմաններում ՀՀ գլխավոր դատախազության, որպես քաղաքականապես չեզոք, անկախ մարմնի կողմից իր պարտականությունների և իրավասությունների իրականացմանը նման ենթադրական բնույթի չհիմնավորված,  էժանագին գնահատականներ տալու, նախընտրական քարոզչության կամ հակաքարոզչության գործիք, թիրախ դարձնելու անհաջող փորձերը:

Հորդորում ենք ձեռնպահ մնալ այդ կերպ հանրային թյուր կարծիք ձևավորելու, ինչպես նաև Դատախազության և քրեական հետապնդման մյուս մարմինների գործունեության նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու տարրեր պարունակող գործելակերպից:

Միաժամանակ, քրեական գործի արդյունավետ քննության կոնվենցիոն պահանջի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ խնդրում ենք ՀՀ ԱԺ պատգամավորներին ապահովել ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունների սահմանված կարգով քննարկումը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս