«Որևէ մեկը, թեկուզ հակառակ կարծիքի համար, երբեք չի համարձակվել ինչ-որ բան ասել». Արարատի փոխմարզպետը՝ իրեն ծեծելու մասին
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում մի խումբ անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 33-ամյա Արտակ Դավթյանը սպառնալիքներ, իսկ հետո՝ հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի համակիր՝ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 39-ամյա Գևորգ Բաբայանին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ միջադեպին ներկա է եղել Արարատի մարզպետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Գարիկ Սարգսյանը, ով անգամ չի փորձել կանխել Ա. Դավթյանի՝ իր վարորդի, գործողությունները։
ՀՀ ոստիկանության հասարակայնության, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ շտաբում միջադեպ է տեղի ունեցել: Կատարվածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։
168.am-ի աղբյուրների համաձայն՝ երեկ ևս մեկ միջադեպ է գրանցվել Արարատի մարզում: Ծեծի է ենթարկվել փոխմարզպետ Տիգրան Պարսիլյանը: Միջադեպը տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Մասիս կատարած այցից հետո, երբ Փաշինյանն ավարտել էր հանդիպումը և հեռացել էր:
Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպի առանցքում Արարատի մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն է, մասնավորապես՝ իր հրահանգով է ծեծի ենթարկվել իր իսկ տեղակալը, ով հանդգնել է ղեկավարի խոսքին հակառակվել: Միջադեպին ականատես են եղել նաև Ն. Փաշինյանի հետ հանդիպման եկած մարդիկ:
Նշենք նաև, որ ծեծի ենթարկվածն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու է:
168.am-ը կապ հաստատեց փոխմարզպետ Տիգրան Պարսիլյանի հետ, ով ասաց, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
«Ես կուսակցության հիմնադիր-անդամներից եմ, գաղափարը կրողներից մեկը, և որևէ մեկը, թեկուզ հակառակ կարծիքի համար երբեք չի համարձակվել ինչ-որ բան ասել»,- նշեց Տիգրան Պարսիլյանը:
Անի Կարապետյան