«Աշխարհում չկա այնպիսի մարդ, որին Ծառուկյանը մի բան ասի ու չանի». Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ։
Մարտունի քաղաքում ողջունելով բնակիչներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ որոշ մարդիկ իրենց վատ են զգում՝ տեսնելով այն հավատն ու վստահությունը, որ ժողովուրդն ունի ԲՀԿ-ի նկատմամբ։
«Ես ասել եմ ու կասեմ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որին Ծառուկյանը մի բան ասի ու չանի։ Այսօր ես հանդիպման եմ եկել մարդկանց հետ, որպեսզի ներկայացնեմ իմ ծրագիրն այնպես, ինչպես ես եմ պատկերացնում: Բնակիչներից մեկն ասում է, որ՝ պարոն Ծառուկյան, բոլորդ խաբում եք։ Հարցնում եմ՝ քուրիկ ջան, ի՞նչ եմ ասել, որ խաբել եմ, պատասխանում է, դե, բոլորդ էլ խաբում եք, էլի։ Ասացի՝ գնա ու քո ուղարկողին ասա, որ մի քիչ համարձակություն ունենա՝ ինձ ասի՝ ինչ է ուզում, որ դրա պատասխանը ստանա, թե չէ մի օր պատվեր են կատարում, մի օր մարդ են ուղարկում»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։
Նա նաև հայտարարեց, որ ո՛չ գումարի կարիք ունի, ո՛չ գործի ու ճանաչման, քանի որ Աստծո կամոք ամեն ինչի հասել է։
«Ես եղել եմ բանվորի ընտանիքից, այս 30 տարիների ընթացքում, սկսած հող մշակելուց, մեղու պահելուց ու արտադրությամբ զբաղվելուց՝ ամեն ինչ արել եմ։ Բոլորն էլ գիտեն, թե ես ինչից եմ սկսել ու ինչի եմ հասել, սա բոլորին էլ հայտնի է։ Ծառուկյանն այսօր չարչավում է ոչ թե իր համար, այլ ուզում է, որ լավ լինի, իմ երեխաների ապագան փայլուն լինի։ Այսօր կարող եմ ոչնչի չխառնվեմ, միայն ամեն ինչ կազմակերպեմ ու գնամ, իմ գործերով զբաղվեմ։ Բայց տեսնելով, որ մեր պատիվը մեր ժողովուրդն է, մեր հզորությունը՝ պետությունը, պետք է ժողովրդին հնարավորություն տանք, միայն բառերն անգիր անելով չէ, ես իմ խոսքի տերն եմ»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ այսօր ժողովրդի առաջին խնդիրներից մեկը բանկային համակարգն ու վարկերն է, ուստի մարդկանց մեջքն ուղղելու հնարավորություն պետք է տրվի։
Գյուղատնտեսության զարգացման համար էլ Գ. Ծառուկյանը նշեց, որ անհրաժեշտ են ցածր տոկոսադրույքով վարկեր։
Զվարթ Խաչատրյան