«Վազգեն Սարգսյանն ո՞ւմ էր ուզում գնդակահարել, 1994 թ. Օմարի բարձունքներն ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին». Դավիթ Շահնազարյանը՝ Սասուն Միքայելյանին
ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանի մասին՝ ուշագրավ հայտարարություն արեց:
«Իրենց համար Արցախի խորհրդանիշը Սասուն Միքայելյանի մարմնում եղած մետաղի քաշն էր. ես մեջբերում եմ իրենց խոսքերը։ Մի ատրիբուտ էլ ունեին իրենց խորհրդանիշ, որի մասին առայժմ չեմ խոսի: Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը, և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, ու ովքե՞ր նրան համոզեցին, որ դա չանի: Թող այդ մանրամասներն ինքը մի հատ պատմի, կարող է ասում է՝ ես տեղեկություններ չունեմ»,- հայտարարեց նա։
«Այստեղ երկրորդ հարցն էլ կա՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Այդ դիրքերը զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, որովհետև բաց էր թշնամու ճանապարհը՝ մինչև Քարվաճառի խորքերը: Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը հետ վերադարձնելու մարտական գործողությունները, որն իրականացնում էր Ասկերանի գունդը, նրան կցված էին մի քանի այլ ստորաբաժանումներ: Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, այդ գնդի գումարտակներից մեկի հրամանատարը՝ Արշավիր Ղարամյանը։ Շատ ու շատ հրաշալի հրամանատարներ կային»,- ասաց Դավիթ Շահնազարյանը՝ ընդգծելով, որ վարչապետը, երբ սկսել էր իր հարձակումը Արցախի իշխանությունների և գեներալների վրա, նաև այս երկու հերոսներին նկատի ուներ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում