Մակրոնի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել բողոքի ակցիաների ֆոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի քաղաքականության հավանության վարկանիշները 23 տոկոս եւ 26 տոկոս ռեկորդային ցածր ցուցանիշներ է արձանագրել: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը Ifop գործակալությունն անցկացրել է Paris Match հանդեսի եւ Sud Radio ռադիոկայանի համար:
Ինչպես դեկտեմբերի 4-ին նշել է Paris Match-ը, տասը ֆրանսիացիներից ութը հավանություն չեն տալիս երկրի նախագահի գործողություններին: Հարցման տվյալներով՝ Մակրոնի վարկանիշը նոյեմբերի համեմատությամբ նվազել է վեց կետով եւ կազմել 23 տոկոս:
Հանրապետության վարչապետի վարկանիշն ընկել է 10 կետով եւ կազմել 26 տոկոս: Ֆրանսիացիների միայն 19 տոկոսն է կարծում, որ վարչապետն ըմբռնումով է վերաբերվում իրենց խնդիրներին, Ֆրանսիայի քաղաքացիների միայն 27 տոկոսին է նա վստահություն ներչնչում, 28 տոկոսն է վստահ, որ վարչապետը կարող է երկխոսություն վարել, եւ 29 տոկոսն է հավատում բարենորոգումներ իրականացնելու նրա ընդունակությանը:
Հարցմանը, որն առցանց անցկացվել է նոյեմբերի 29-30-ին, մասնակցել է 18 եւ ավելի բարձր տարիքի 1004 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: