«Հարցն արդեն իսկ լուծված է, պարզապես պաշտոնապես պետք է ամրագրվի»

«Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հնարավորինս խուսափում է քայլերից, որոնք կարող են գնահատվել՝ որպես միջամտություն, ազդեցություն ՀՀ ներքաղաքական կյանքին: Իսկ Բելառուսի թեկնածուի ընտրությունը դառնալու էր ներքաղաքական բանավեճի և նախընտրական տրամադրությունների վրա ազդող գործոն, որից Ռուսաստանն ամեն կերպ խուսափում է: Ուստի Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ ամենաազդեցիկ երկիր, որոշել է նման կերպ լուծել խնդիրը, որպեսզի որևէ ղեկավարի համար ցավոտ որոշում չլինի հիմա: Իմ համոզմամբ՝ սա ճիշտ մոտեցում է»,- «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստի հետաձգմանը:

Իսկ ինչ վերաբերում է թեկնածության հարցին, ապա, նրա կարծիքով՝ «այն արդեն իսկ լուծված է, պարզապես պաշտոնապես պետք է ամրագրվի, և Հայաստանն իր համաձայնությունը պետք է տա»՝ հասկանալով նաև, որ միջազգային կազմակերպություններում աշխատանքը ենթադրում է պատասխանատվություն գործընկեր երկրների առջև:

«Եվ երկրորդ` տեսնում ենք նաև, որ ներքաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ հեղափոխական տրամադրությունները, շարունակվում են, ինչը նշանակում է` չի կարելի բացառել, որ Հայաստանի նոր թեկնածուն ևս ենթարկվի քրեական հետապնդման: Եվ ասեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները ելնում են նաև այս մտահոգությունից՝ կարծելով, որ ներքաղաքական նման հեղափոխական զարգացումների փուլում Հայաստանի համար միջազգային կազմակերպությունում նման պատասխանատու պաշտոնը կարող է հավելյալ բեռ դառնալ»,- ասել է Լուկիանովը:

Իր հերթին՝ Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, թե հայտնի չէ` ինչ դիրքորոշումներով 2019-ին կայանալիք նիստին կգնան Հայաստանի և Բելառուսի ղեկավարները: «Շատերի կարծիքով՝ հետաձգելն աշխատում է կազմակերպության հեղինակության հաշվին: Բայց մյուս կողմից՝ որոշումները ՀԱՊԿ-ում կայացվում են կոնսենսուսով, և պետք է կողմերին ժամանակ տալ՝ լավ մտածել իրենց որոշումը, գուցե վերանայել, քանի որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարևոր պաշտոն է ՀԱՊԿ-ում, թեև որոշումները կայացնում են ՀԱՊԿ ղեկավարները»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս