«Այս ընտրություններով Հայաստանում դասական պառլամենտարիզմը չի կայանալու». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը դեմ է, որ լրատվամիջոցներին անվանեն չորրորդ իշխանություն: Նրա կարծիքով՝ չորրորդ իշխանությունը հասարակական կարծիքն է, իսկ լրատվամիջոցներն այդ չորրորդ իշխանության գործիքն են։

«Լրատվամիջոցները պետք է ակտիվացնեն հասարակությանը և հասարակական կարծիքը, որպեսզի պայքարենք բոլոր բացասական երևույթների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ։ Այն խնդիրները, որոնք բարձրաձայնում են լրատվամիջոցները, դառնում են նաև խորհրդարանական քննարկումների առարկա, ուստի լրատվամիջոցների և խորհրդարանի միջև կապը միշտ պետք է լինի»,- ասաց Բ. Նավասարդյանը։

Նա համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն իրենց թափանցիկությամբ աննախադեպ են լինելու, սակայն դրանով Հայաստանում դասական պառլամենտարիզմը չի կայանալու, և հիմնական դերակատարությունը բոլոր որոշումներում, այդ թվում՝  կոռուպցիայի դեմ պայքարում, խաղալու է ոչ թե՝ խորհրդարանը, նույնիսկ՝ ոչ կառավարությունը, այլ՝ քաղաքական թիմը։

«Այն քաղաքական թիմը, որն ունենալու է լծակներ կամ ընդհանրապես ամբողջական վերահսկողություն խորհրդարանում և գործադիր իշխանությունում։ Քաղաքական այդ թիմն է որոշելու, թե կոռուպցիայի դեմ պայքարում ինչ քաղաքականություն է վարելու։

Ցավոք, մենք դեռ չենք ունենալու իշխանությունների տարանջատման այն դասական տարբերակը, որը կա զարգացած երկրներում։ Սա երևի Հայաստանի զարգացման հաջորդ փուլն է, եթե այս փուլը մենք հաջողությամբ ավարտենք»,- նշեց Բորիս Նավասարդյանը։

Նրա բնորոշմամբ, դեպի իրական պառլամենտարիզմ գնալու համար Հայաստանը դեռևս գտնվում է անցումային փուլում և այդ փուլում կմնա նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

«Այսօր մեր հույսը կապում ենք նրա հետ, որ այն քաղաքական թիմը, որ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, քաղաքական կամքի առակայությամբ կիրականացնի բոլոր այն բարեփոխումները, որոնց սպասում ենք։ Այս փուլում մենք չենք սպասում, որ լինելու է գաղափարների, քաղաքական կոնցեպցիաների, ծրագրերի լուրջ մրցակցություն։ Մենք պետք է հույս ունենանք, որ այն դեկլարացիաները, որոնք լսել ենք հեղափոխության շրջանում, մնում են այն քաղաքական թիմի օրակարգում, որը գալիս է իշխանության։ Եթե այդ օրակարգը նրանք պահպանեն և իրականացնեն, ապա կունենանք կոնկրետ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարում»,- ընդգծեց Բորիս Նավասարդյանը։

Նա հույս հայտնեց, որ խորհրդարանը կկարողանա ձևավորել նաև արդարադատության այն համակարգը, որը դեռևս չկա Հայաստանում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31