Քրեական գործ է հարուցված 25 մլրդ դրամի չարաշահումների կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի և Իրանի հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա, այսօր էլ գտնվում են բարձր մակարդակի վրա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրանք շարունակեն գտնվել բարձր մակարդակի վրա։ Իրանի և Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները»,- այսօր Կապանում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների կառավարությունները կձեռնարկեն բոլոր քայլերը՝ ապահովելու ՀՀ-Իրան հարաբերությունների բնականոն զարգացումը։
Ըստ նրա՝ իրենք ամեն ինչ անելու են՝ այդ նպատակին հասնելու համար։ Նկատելով, որ Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը բավականին լարված է, Ն.Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման կամ սպառնալիքի։
Ն.Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում ԵՄ ֆինանսավորմամբ վերանորոգվելու է Իրանի հետ սահմանային անցակետը, կստեղծվի ժամանակակից մաքսատուն և հսկիչ անցակետ, ինչն է՛լ ավելի կակտիվացնի 2 երկրների հարաբերությունները։ Նա անդրադարձավ հայաստանցի և իրանցի վարորդների ունեցած դժվարություններին մեր երկու երկրներում, և հավաստիացրեց, որ կառավարությունները կքննարկեն և պատշաճ լուծումներ կգտնեն։
«Հայաստանի Հանրապետությունը բաց է իրանյան ներդրումների համար, և մենք հույս ունենք, որ նորանոր ներդրումներ կլինեն Հայաստանում, այդ թվում՝ Իրանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներից»,- ասաց Ն.Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ նախորդ անգամ Կապան այցելելիս՝ ճանապարհի վիճակը շատ վատն էր, այս մի քանի ամիսների ընթացքում անտանելիից դարձել է թեթև տանելի, և Իրանի հետ հարաբերություններից ելնելով էլ չեն կարող թույլ տալ, որ միջպետական ճանապարհը նման վատ վիճակում լիներ։ Ն.Փաշինյանը «ռազմավարական կոպիտ սխալ» անվանեց Հյուսիս-Հարավ մայրուղին Մեղրիից չսկսելը. «Դա իսկապես կոպիտ սխալ էր, բայց արդեն արված է այդ սխալը։ Մենք, ըստ էության, մտադիր ենք շարունակել ՀՀ մայրուղու կառուցումը, բայց մինչև դրա բուն կառուցումը մենք ստիպված ենք լինելու ծախսեր անել գործող ճանապարհը նորմալ վիճակում պահելու համար»։
Ն.Փաշինյանի խոսքով՝ Հյուսիս-Հարավի հետ կապված խնդիրներ կան, քրեական գործ է հարուցված 25 մլրդ դրամի չարաշահումների կապակցությամբ, արդեն իսկ կոնկրետ մարդկանց մեղադրանք է առաջադրվել. «Օրինական ընթացակարգերով մենք պետք է վերականգնենք պետությանը և հանրությանը հասցրած վնասը»։
Նա նաև նշեց Հյուսիս-Հարավի հետ կապված մեկ ուրիշ խնդիր՝ ճանապարհի բազմաթիվ հատվածներ մինչ օրս նախագծված չեն, և հայտնի չէ՝ ի վերջո, այն ինչքա՞ն է արժենալու։