«Մենք նման մարդկանց ենք փնտրում. որ գտնենք՝ շատ վատ հետևանքներ է ունենալու». Էդմոն Մարուքյան

«Իշխանությունը կոալիցիաների կարիք չունի և մենք չենք պատրաստվում որևէ կոալիցիայի կազմում լինել»,- այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։

«Մենք կարող էինք լինել կառավարությունում, միասին լինել նույն դաշինքում, բայց դրա իմաստը չկա, քանի որ այդ ուժն ունի բավարար աջակցություն։ Եթե մի ուժ Երևանի ընտրություններում ստանում է 80 տոկոս ձայն, այդ ուժը կոալիցիոն գործընկերոջ կարիք չունի։ Բայց երկիրը կարիք ունի հակակշիռ ունենալու, որն այլընտրանք կլինի, կլինի ընդդիմադիր բևեռը ապագա խորհրդարանում։ ԼՀԿ-ն լինելու է այդ հակակշիռ ուժը»,-ասաց նա։

Հարցին՝ նախորդ ընտրություններին մասնակցում էին «Ելք» դաշինքով, այդ դաշինքային կապերը չե՞ն կաշկանդի նրանց, որպեսզի լինեն ընդդիմություն, Մարուքյանն այսպես պատասխանեց. «Ոչ, որովհետև մենք այլևս երբեք չենք ունենալու թալանչի իշխանություն, գող, ավազակ նախարարներ, որ այլ բառամթերք օգտագործենք քննադատելու համար։ Այն ժամանակ էլ իմ քննադատությունը նույնն է եղել, չի փոխվել։ Իմ քննադատական տեքստերը մնացել են քաղաքական, ես որևէ մեկի անձնական կյանք, ընտանիք չեմ մտել՝ իմ քննադատություններով։ Ժամանակին մենք համախմբվել ենք ռեժիմի դեմ, որն այլևս չկա և համախմբման կարիք էլ չկա։ Յուրաքանչյուրս մեր մոտեցումներով, մեր կադրային բանկով կգնանք մեր երկրին ծառայելու»։

Նա նկատեց՝ մարդիկ ասում են՝ վախեցած են. «Ինրեցիայով են վախեցած, թե վախեցնողներ կան, ես հիմա փնտրում եմ որևէ մեկին վախեցնողին, որ գտնեմ՝ շատ վատ հետևանքներ է ունենալու թե՛ այդ մարդու համար, թե՛ այն քաղաքական ուժի համար, որ մարդ է վախեցնում։ Նաև տեղեկություններ կային, որ տարատեսակ ակտիվիստներ գումար են ստանում՝ որպես ակտիվիստ, բայց ձայներ ապահովելու որոշակի լծակ է դա, բայց չենք կարող ասել, որ սա ընտրակաշառք է։ Բայց մենք ուշադիր հետևելու ենք, որ եթե ընտրակաշառքի դեպք լինի կարձագանքենք։ Վանաձորում ասում էին, որ Դիմաց թաղամասում չգիտեմ՝ ինչեր է կատարվում, ինչ-որ թաղային հեղինակություններ կան։ Ես բոլորին կոչ եմ անում՝ ցանկացած ճնշման դեպքում, որևէ մեկը, որ կհանդգնի քաղաքացու ազատ կամքի վրա բռնանալ, որևէ կերպ ճնշել, ազդել, քան այն, որ ծրագրեր ներկայացնելն է, իր պատասխանը կստանա։ Մենք նման մարդկանց ենք փնտրում»։

Տեսանյութեր

Լրահոս