Նիկոլ Փաշինյանը` Մանվել Գրիգորյանի գործով ՀՔԾ-ի բացահայտումների մասին

«Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված քրեական գործ էր հարուցվել, այս փուլում արդեն տեղի է ունեցել հետևյալ գործընթացը. ուրեմն` Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Մանվել Գրիգորյանի կողմից մրցութային կարգով սեփականաշնորհված ավելի քան 40 օբյեկտներ Արմավիրի և Տավուշի մարզում սեփականաշնրոհվել և օտարվել են կեղծ մրցույթների արդյունքում: Այսինքն՝ իրականում ոչ մի մրցույթ էլ տեղի չի ունեցել։ Եվ ՀՔԾ-ն արդեն իսկ պաշտոնապես դիմել է Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի այն Արմավիրի և Տավուշի մարզերի համայնքներին ուղարկի գրություն, որպեսզի այդ համայնքները քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն դիմեն դատարաններ և այդ գույքն ամբողջ վերադարձվի համայնքներին»,- այսօր Քաջարանում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցադրումներին, թե այս ընթացքում ի՞նչ կոնկրետ արդյունքներ են եղել կոռուպցիայի դեմ պայքարում։

Ըստ նրա՝ խոսքը 40 օբյեկտի մասին է, միայն Արմավիրում 475 հեկտար հողատարածք՝ գյուղատնետսական, քաղաքային նշանակության, որը կվերադարձվի համայնքներին, Դիլիջանում առողջարան կվերադարձվի։

Ն.Փաշինյանը շեշտեց, որ քայլ առ քայլ ժողովրդից գողացվածը հետ են բերելու և չեն թողնելու, որ մի լումա անգամ անհետևանք մնա։

Նա կոչ արեց ՀՀ քաղաքացիներին՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրենց ունեցած տեղեկատվությունը կիսեն իրավապահների հետ, որ գողացվածը ետ բերեն և վերականգնեն արդարությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս