Ինչու մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվել
Պետական գույքի կառավարման կոմիտեն մի շարք չարաշահումներ և ռիսկեր է նկատել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատանքներում. այս անվստահությամբ պայմանավորված՝ կոմիտեն տնօրեն Վազգեն Ասատրյանի՝ ավարտին մոտեցող աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն՝ անդրադառնալով մարզահամերգային համալիրի աշխատակիցների բաց նամակին, ովքեր դեմ են արտահայտվում տնօրեն Վազգեն Ասատրյանի պաշտոնում լիազորությունների դադարեցմանը։
«Դեռ մինչ իմ պաշտոնավարումը համալիրի տնօրենին արդեն իսկ ծանուցված է եղել, որ իր պայմանագրային պարտավորությունները ավարտվում են, և մեկ ամսից պայմանագիրը լուծվելու է: Իմ նշանակումից շաբաթներ անց պետք է տեղի ունենար իր հետ պայմանագրի լուծումը: Սակայն մենք, հաշվի առնելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, երկարաձգել ենք տնօրենի պայմանագիրը մինչ դեկտեմբերի 1-ը: Իմ տեղեկություններով՝ աշխատողների կողմից ներկայացված բաց նամակում բոլոր աշխատողները չէ, որ սիրահոժար են ստորագրել։ Դա նախաձեռնված է եղել տնօրենի կողմից: Դա եղել է որոշակի վարչական ռեսուրսի կիրառմամբ, ես ունեմ համապատասխան ինֆորմացիա»,- ասաց Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ համալիրում կան չարաշահումներ, ռիսկեր և անվստահություն: Նա նշեց իրենց տեսած չարաշահումներից մի քանիսը: Օրինակ՝ այնտեղ պահակային ծառայությունն իրականացվում է 15 աշխատակցի կողմից, սակայն 24 աշխատողի համար է մրցույթ եղել, և իրականում համալիրը ծախս է կատարում 24 աշխատողի համար: «Ստացվում է, որ ամսական շուրջ 1 մլն դրամի չարաշահում է տեղի ունենում: Նույն կերպ սահադաշտի իրական այցելուների ու էլեկտրոնային եղանակով գրանցված ու ծառայությունից օգտված մարդկանց թվերը չեն համապատասխանում»,-ասաց Բաբայանն ու հավելեց՝ երբ կա որոշակի անվստահություն և աշխատանքային պայմանագրի ժամկետն էլ ավարտվում է, տրամաբանական է դա չերկարաձգելը:
Նա նկատեց՝ քանի դեռ այդ բոլոր ռիսկերը վերացված չեն, չարաշահումների հստակ թիվ հայտնել հնարավոր չէ: Բայց Բաբայանը վստահություն հայտնեց, որ այս առումով կան ահռելի հնարավորություններ՝ պետության գումարները տնտեսելու: Սրանց համար որոշել են, որ պայմանագիրը պետք է դադարեցվի:
Կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ համալիրի տնօրենը նաև իրեն է ուղարկել իր լիազորությունների ավարտին դեմ արտահայտվող մարդկանց ստորագրություններ, որոնցում եղել են նաև հայտնի մարդիկ: Բաբայանը նկատեց, որ այդ հայտնի մարդիկ դժվար թե տեղյակ լինեն, թե իրենց ստորագրություններն օգտագործվել են Վազգեն Ասատրյանին գործից չազատելու հարցի համար:
Դիտարկմանը, թե միգուցե նախկին համակարգն է պարզապես թույլ տվել չարաշահումներով աշխատել, և նոր համակարգը, ներկայացնելով, խնդիրները լուծվեին ու հարցը լիազորությունների դադարեցմանը չհասներ՝ կոմիտեի նախագահն ասաց, որ հաճախ, երբ անձնակազմը, տեսնելով, որ ղեկավարը չի փոխվել, կարծում է, թե իրենց կառույցում ոչինչ չի փոխվել: «Եվ մենք հաճախ տարբեր կառույցներից լսում ենք, թե փոփոխություններն իրենց չհասան: Հաճախ նույն պաշտոնում մնացած ղեկավարները մի քանի ամիս սպասելուց հետո կրկին վերադառնում են հին աշխատելաոճին: Այդ ինֆորմացիան մենք ունենք: Անկախ նրանից, թե ով կլինի նոր տնօրենը, պետք է բոլոր ռիսկերը նվազագույնի հասցնել: Ընթացակարգերը պետք է պարզվեն և հստակեցվեն»,- շեշտեց Բաբայանն ու անհրաժեշտ համարեց նաև իրենց կողմից վերահսկողության ուժեղացումը:
Համալիրի տնօրենի ընտրության համար հայտարարվելու է մրցույթ: Կոմիտեի նախագահ Բաբայանը վստահեցրեց, որ Վազգեն Ասատրյանին ասել է, որ ցանկության դեպքում ինքը նույնպես կարող է մասնակցել մրցույթին: Սակայն, նա նաև նշեց, որ իրենց կասկածներն ու անվստահությունը դրանով չեն վերանում, պետք է տեղի ունենան ստուգումներ, և եթե անգամ կասկածները տեղին չեն, պիտի փարատվեն: