«Թավշյա հեղափոխությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններով ամենևին էլ չի ավարտվի». ռուս քաղաքական վերլուծաբան
«Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր և ոչ թեթև է դառնում, սակայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դեռ նախընտրում են լրջորեն «չերևալ»: Նրանք սպասում են, թե երբ կգա առաջին լուրջ ճգնաժամը, և առաջին հերթին՝ վստահության ճգնաժամը քաղաքացիների հիմնական, կրիտիկական կարևոր զանգվածի մոտ: Այդ ժամանակ կսկսվի իրական հակազդեցություն «նոր ռեժիմին»»,- մեզ հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո դժվար է լինելու հանրության սպասումների բացակությունը վերագրել ինչ-որ կոռուպցիոներների:
«Մեկ ամսից դա չի հաջողվելու: Իսկ այն, որ արդյունքներ չեն լինելու՝ դա պարզ է արդեն հիմա. հետսովետական տարածքում շատ են եղել նմանատիպ օրինակներ պարզ բանաձև ձևակերպելու համար: Ինքնին քարոզարշավը քիչ թե շատ սովորական է լինելու, քանի որ մնացած բոլորը սկսվելու է դրանից հետո: Թավշյա հեղափոխությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններով ամենևին էլ չի ավարտվի:
Ուստի Ն. Փաշինյանի աջակիցների մեծամասնությունը խորհրդարանում հատուկ, ռազմավարական նշանակություն չի ունենա: Լիդեր քաղաքական ուժի սեփական երաշխիքների համար հարկավոր է փոխել տարիֆները և գները, կոպիտ ասած՝ «կերակրել» մարդկանց:
Իսկ քվեատուփերի տակ, ինչպես հայտնի է, ոչ ուտելիք կա, ոչ էլ էժան բենզին»,- ասել է նա: Խոսելով ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ Մոսկվայի վերաբերմունքի մասին, ռուս քաղաքական վերլուծաբանն ասել է. «Կրեմլը կարծում է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Կարծում է, որ կփոխվի իշխանությունը, իսկ հետո ամեն բան իր հունով կգնա: Բայց ինչպես հայտնի է, Կրեմլը նույնկերպ` իրեն հատուկ և տարօրինակ ոճով, գնահատում էր Վրաստանում, Ուկրաինայում և շատ այլ տեղերում կարևոր իրադարձությունները, իսկ հետո բոլոր տեղերում տեղի էր ունենում նույնը»: