Նիկոլ Փաշինյանը հրապարակեց անցած 7 ամիսների արդյունքները

«Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Կոտայքի մարզում։ Հրազդանում նախընտրական հանրահավաքի ժամանակ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց անցած 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած արդյունքները:

«10 և 20 դրամներով համապատասխանաբար էժանացել են գազն ու լույսը սոցիալական անապահով խմբերի համար, ի հեճուկս կառավարության նախկինում կնքած պայմանագրերի, խմելու ջուրը չի թանկացել, թեև դեկտեմբերին պետք է թանկանար, և մինչև 2024 թ. չի թանկանալու, 209 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թ. ընթացքում, 85 հազար մարդու թոշակները և նպաստները կավելանան հունվարի 1-ին, «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիպոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի՝ 5%, և ընդհանրապես հիպոթեքի վարկավորման տոկոսադրույքն է իջել 1.5%-ով, բարձրացել են անշարժ գույքի գներն ամբողջ Հայաստանում, որը նշանակում է, որ շուկայում աշխուժություն է մտել, վարկերի սև ցուցակում գտնվող 125 հազար մարդ վերադարձել է սպիտակ ցուցակ, երկրորդ երեխայի ծննդի համար միանվագ նպաստը եռապատկվել է, 38 հազար աշխատող գրանցվել է, վերացել են տնտեսական մենաշնորհները, ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդիրը լուծվել է, ՃՈ տուգանքների համաներում 150 հազար մարդու նկատմամբ, որի արդյունքում 13 մլրդ դրամ ներվել է մարդկանց, սրտի ստենդավորման գները նվազել են 250 հազար դրամով, 2019 թ. 200 հազար քաղաքացիներ առողջապահությունից կօգտվեն սոցփաթեթով, վերացել է համակարգային կոռուպցիան, միկրոկոռուպցիան ևս գրեթե վերացել է, երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից, երկրում ընտրությունները չեն կեղծվում առաջին անգամ վերջին 24 տարվա ընթացքում, չկան քաղբանտարկյալներ, 60%-ով գերակատարվել է ճանապարհաշինության ծրագիրը, զբոսաշրջության աճ է արձանագրվել, հանրության համար բացվել են Բաղրամյան 26-ի և Ազգային ժողովի դռները, ոստիկանական զորքերը ոչ թե քաղաքացիներին են «ջարդուփշուր անում», այլ պաշտպանում են ՀՀ սահմանները, ՀՀ-ում ներգաղթ է վերջին 10 և ավելի տարում, 7 մլրդ դրամի համայնքային ծրագրեր են իրականացվել և իրականացվում, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ընկել է աննախադեպ ցածր մակարդակի, ու զոհվածների թիվը նույնպես աննախադեպ ցածր է եղել, Բաղրամյան 26-ը վերստին նախագահի նստավայր է։

«Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են, թե վարչապետն ամեն ինչ, լծակները կենտրոնացնում է իր ձեռքը,- ասաց Ն.Փաշինյանն ու հավելեց,- Մենք հանձնված ենք ժողովրդի դատին, և ժողովուրդը պետք է որոշի՝ մենք շարունակենք կառավարել ՀՀ-ն՝ իր անունից, իր լիազորագրով»։

 

Տեսանյութեր

Լրահոս