«Կարգի հրավիրիր քո ենթականերին». Նիկոլ Փաշինյանի կոշտ ուղերձը Բակո Սահակյանին
Այսօր Ճամբարակում նախընտրական հանրաահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարակուսանք հայտնեց իր հայտարարության վերաբերյալ, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում, հասարակական արձագանքի կապակցությամբ, այդ թվում՝ Արցախի իշխանության ներկայացուցիչների։
«Ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը։ Այդ ինչո՞ւ են ակտիվացել, ինչո՞ւ են տարբեր մեկնաբանություններ անում և ինչո՞ւ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Եվ նրանք առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով թող… չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս:
Ա՜յ քեզ բան։ Բա, պատկերացնում եք՝ իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա: Դուք հասկանո՞ւմ եք դրա արդյունքն ու հետևանքն ինչ կլինեն: Սթափվե՛ք, հարգելիներս, և զբաղվե՛ք ձեր գործով:
Իհարկե, ինչ տեղի է ունեցել, ես անպայման կքննարկեմ ձեզ հետ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,- ասաց Ն. Փաշինյանը:
Ըստ նրա՝ անընդհատ նաև խոսում են Ռոբերտ Քոչարյանի որդիների մասին, բայց իր ունեցած պաշտոնական տեղեկանքի համաձայն՝ նրանք ծառայել են Երևանում, ՊՆ վարչական մասում, «ոչ մի գիշեր զորամասում չի անցկացրել, մյուս որդին էլ «ձևակերպված» է եղել որպես վարորդ, պետական ավտոն դրել է տակը, որտեղ ուզեցել, գնացել է՝ պետության հաշվին».
«Էդ ինչի՞ եք տենց ոգևորվել։ Ես որ մի բան ասում եմ, գիտեմ՝ ինչ եմ ասում։ Ու եթե որևէ մեկը իմ էս ասածը կասկածի տակ դնի, փաստերով ու փաստաթղթերով կապացուցեմ»։