«Հեղափոխական էյֆորիան անցավ, այդ փուլը համարենք վերջացած. Եկել է լուրջ խոսակցության ժամանակը». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հեղափոխական էյֆորիան անցավ, այդ փուլը համարենք վերջացած: Եկել է լուրջ խոսակցության ժամանակը:
Թե իշխող կուսակցության, և թե իրենց ընդդիմադիր համարողների համար դժվար ժամանակներ են սկսվում, նախընտրական քարոզչության ընթացքում պետք է լուծումներ առաջարկեն: «Ժողովրդի իշխանություն», «սև-սպիտակ», «մասնակցում ենք, որ լինենք ընդդիմություն» և նմանատիպ անբովանդակ ու պարզունակ արտահայտությունները կորցրել են իրենց իմաստը:
Բոլոր մասնակիցները պետք է պոտենցիալ ընտրողներին համոզեն, որ տնից դուրս գան ու գնան ընտրատեղամասեր: Դժվար գործ է լինելու:
Մասնավորապես, ինձ ընտրատեղամաս ներկայանալ կարող է համոզել այն ուժը, որը մեկ տարվա ընթացքում կանի ամեն ինչ, որ արտահերթ ԱԺ ընտրություններ կկազմակերպեն: Դրա մեթոդը արդեն գիտենք, իսկ եթե բոլորը դա ասեն, արդեն կարող ենք համարել, որ պետական մտածողությունն են սկսել ձեռք բերել:
Իսկ մինչ այդ պետք է մի շարք փոփոխություններ մտցնեն Ընտրական օրենսգրքում, Կուսակցությունների մասին օրենքում (նաև բոլոր կուսակցությունների վերագրանցում, ըստ այդ օրենքի պահանջների), Սահմանադրության փոփոխություններ (Ոստիկանության և ԱԱԾ-ի նախարարություններ դարձնել, նախագահի լիազորությունների լայնացում, նախարարների ու դեսպանների պարտադիր հաստատում պառլամենտի կողմից, դատական համակարգի անկախության մեխանիզմների ստեղծում և այլն):
Սա է եկող խորհրդարանի (ժամանակավոր խորհրդարանի, կամ անունը դնենք «Կարճ խորհրդարան») գլխավոր կոչումը: Այդ ամենը պետք է արվի լայն հանրային քննարկումների միջոցով, որտեղ նոր պատգամավորները պետք է ներկայանան առանց կոստյումների, փողկապների և կուսակցական նշանների:
Այսինքն, պետք է արվի այն ամենը, ինչը խոստացավ և չարեց Նիկոլ Փաշինյանը»: