«Կախարդական փայտիկ չէ՞, որ երկրի վարչապետը փողոցներով քայլում է, քաղաքացիներին ողջունում է». Նիկոլ Փաշինյան
«Մարդիկ ինչո՞ւ են 80 հազար դրամ աշխատավարձի հույսին մնում, երբ երկրում կան հնարավորություններ։ Ասում են՝ կախարդական փայտիկը ո՞րն է, կախարդական փայտիկն այն է, որ մեկ ամսում երկրում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելանում է, բա դա կախարդական փայտիկ չէ՞»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործատուներին, որոնք գրանցել են իրենց աշխատակիցներին, և խոստացավ նրանց աջակցել, որ ավելի շատ եկամուտներ ունենան, հարստանան և հարստացնեն։
«Հոկտեմբերի տնտեսական աճը հանքարդյունաբերության 15 տոկոս անկման պայմաններում ապահովել է հենց փոքր և միջին բիզնեսը։ Մենք արդյունաբերության ոլորտում 8.5 տոկոս աճ ենք ապահովել այն դեպքում, երբ նախորդ տարվա աճը եղել է բացառապես հանքարդյունաբերության հաշվին։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թափ են հավաքում մարդիկ։ Հայաստանը չի կարող լինել ագրարային տոնավաճառների երկիր, Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տնտեսական հեղափոխությունը սկսվել է։
Ըստ նրա՝ կախարդական փայտիկ է նաև այն, որ Հայաստանում ընտրություններն արդեն չեն կեղծվում. «Կախարդական փայտիկն ամեն օր գործում է։ Կախարդական փայտիկ չէ՞, որ երկրի վարչապետը փողոցներով քայլում է, քաղաքացիներին ողջունում է, և ով զարմանք՝ քաղաքացիներն էլ իրեն են ողջունում»։