Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում 2019 թվականից կգործի ջրօգտագործող 3 ընկերություն

Գեղարքունիքի մարզում 2019 թվականի սկզբից կգործի ջրօգտագործող երեք ընկերություն, որոնք կանջատվեն գործող «Գեղարքունիք» ՋՕԸ-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սհոյանը, ընկերությունում այժմ ընթանում են լուծարման եւ վերակազմավորման գործընթացներ, որոնց արդյունքում կվերակազմավորվեն Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի ջրօգտագործող ընկերությունները:

«Մինչեւ 2017 թվականը մարզում գործում էին Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի ջրօգտագործող ընկերությունները, որոնց միավորման արդյունքում 2017-ին կազմավորվեց «Գեղարքունիք» ՋՕԸ-ն: Սակայն կյանքը ցույց տվեց, որ նախկին ձեւը շատ ավելի արդյունավետ էր, քան այդ երեք ընկերությունների միավորումը, որի դեպքում ոռոգման շրջանում առաջանում էին որոշակի խնդիրներ ու դժգոհություններ: Ընդհանուր առմամբ, ընկերությունը կատարել է իր վրա դրված պարտականությունները, սակայն այս ամենն արվում է կառավարման արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով: Ընկերության լուծարման եւ երեք նոր ընկերությունների վերակազմավորման գործընթացը սկսվել է այս տարվա հոկտեմբերի 1-ից:

Նոյեմբերի 1-ին էլ հրավիրել ենք ներկայացուցչական ժողով, որին մասնակցել են ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը եւ նույն կազմակերպության ԾԻԳ-ի ներկայացուցիչները, որոնք տվել են իրենց համաձայնությունը՝ Գավառում, Մարտունիում եւ Վարդենիսում ջրօգտագործողների ընկերությունների կազմավորման համար: «Գեղարքունիք» ՋՕԸ հաշվեկշիռը բաժանվում է ըստ տեղամասերի՝ իրենց դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերով հանդերձ: Դրանից հետո ներկայացուցիչները դիմել են կանոնակարգող խորհրդին,որի նախագահը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարն է: «Գավառ» ՋՕԸ-ն մնում է որպես «Գեղարքունիք» ՋՕԸ իրավահաջորդ, իսկ Մարտունիում ու Վարդենիսում տեղի են ունեցել ներկայացուցչական ժողովներ, որտեղ արդեն ընտրվել են ներկայացուցիչներ: Այլ խոսքով, 2019 թվականի մարտից Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի ջրօգտագործող ընկերություններն առանձին-առանձին կնախապատրաստվեն ոռոգման նոր շրջանին»,- ներկայացրեց Հայկ Սհոյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս