«Թումո»-ն և «Կողբ» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում «Թումո» կենտրոնի կառուցմանը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և Կողբ հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք՝ ուղղված Կողբում Թումո կենտրոնի կառուցմանը։
Ինչպես տեղեկացրին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, 2017-ի հուլիսին Թումոյի և Կողբ հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին գտնվող Կողբ գյուղում մեկնարկեցին Թումոյի` Հայաստանում թվով 5-րդ կենտրոնի՝ Թումո Կողբի շինարարական աշխատանքները։
Թումո Կողբի նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2020-ին, ինչից հետո կենտրոնը անվճար հիմունքներով իր դռները կբացի ինչպես Կողբ, այնպես էլ հարևան Բերդավան, Նոյեմբերյան և այլ գյուղերում ու քաղաքներում բնակվող մինչև 1000 պատանիների առջև:
Շինությունը ընդգրկելու է բազմաթիվ հարմարություններ՝ նորագույն տեխնոլոգիաների և դիզայնի ուսուցման, ինչպես նաև ակտիվ ժամանցի համար։ Ուսանողներին հասանելի կլինեն դասընթացների սենյակներ, ինքնուսուցման կայաններ, ձայնագրման ստուդիա, կինոսրահ և մեծ մարզադաշտ:
Թումոն և Կողբ հիմնադրամը` մասնավոր բարերարների և տարբեր ընկերությունների նվիրատվությունների օգնությամբ ապահովել են կենտրոնի բացմանն անհրաժեշտ 4,270,000 ԱՄՆ դոլարից 3,070,000-ը՝ ներառյալ կենտրոնի առաջին 10 տարիների գործառնական ծախսերը։ Այնուամենայնիվ, կենտրոնի կայացման համար անհրաժեշտ է ևս 1,200,000 դոլար, որը հավաքելու համար մենք դիմում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկություն կհայտնեն աջակցել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում բնակվող պատանիների ներուժի առավելագույն զարգացմանը և Թումոյի՝ արդեն աշխարհով տարածված կրթական առաքելությանը։ Մենք սկսում ենք անհրաժեշտ գումարից առաջին 100,000-ի հայթայթման մարտահրավերով։
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են նվիրատվություն կատարել tumo.org/donate կայքում կամ գրել մեզ [email protected] հասցեով։