«Մենք թույլ չենք տվել, որ սաբոտաժներ արվեն խորհրդարանում, թույլ չենք տվել, որ լինեն ռևանշներ». Էդմոն Մարուքյան

«Երբ ասում ենք՝ դեկտեմբերի 9-ին ժողովուրդն ընտրելու է ընդդիմություն, խոսքը՝ 7-րդ գումարման խորհրդարանում ընդդիմություն լինելու մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀՀԿ-ականները նշում են, որ միակ ընդդիմությունն իրենք են, քանի որ միայն իրենք են քննադատել նոր իշխանություններին։

«Ինչ վերաբերում է նախորդ 6 ամիսներին, ապա, այո, մենք թույլ չենք տվել, որ սաբոտաժներ արվեն խորհրդարանում, թույլ չենք տվել, որ լինեն ռևանշներ՝ ընդդեմ տեղի ունեցած փոփոխությունների, և ճիշտ ենք արել։ Ավելին, մենք ներդրում ենք ունեցել կառավարության մեջ մեր կադրով, տիկին Թանդիլյանը գնացել է հեղափոխական կառավարություն՝ իր պրոֆեսիոնալ գիտելիքները ներդրել, աջակցել անցումային կառավարությանը։ Հիմա այդ ամենի կարիքը չկա, հրաժարական է տվել, վերադարձել է, որ մենք գնանք մեր ճանապարհով, որովհետև քաղաքական այն միավորը, որը ստանձնելու է պատասխանատվություն, կոալիցիաների կարիք չունի, իսկ մենք արհեստական կոալիցիայի անդամ երբեք չենք կարող լինել, դա կդիտարկվի պատեհապաշտական»,- հստակեցրեց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՀԿ-ի պնդումներին, թե միայն իրենք են քննադատել նոր իշխանություններին, միայն իրենք են ընդդիմություն, ըստ Մարուքյանի՝ փաստարկ չէ. «Նախ՝ քննադատելով՝ Հայաստանի պատմության մեջ որևէ մեկն ընդդիմություն չի դարձել, կոնկրետ գործողություններով են ընդդիմություն դառնում։ Երկրորդ՝ բացի քննադատելը, նրանք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել են, որ վերադառնան, դա չի ստացվել։ Երրորդ՝ հանրապետականները, որ ուզում են լինել ընդդիմություն, գոնե պետք է այրեն կամուրջներն իրենք անցյալի հետ, պետք է ասեն, որ սխալ են արել, և ոչ միայն՝ հանրապետականները։ 5 կոռուպցիոն կեղեքիչի անուն կարո՞ղ են հրապարակել հանրապետականները, և ասեն՝ այն ժամանակ նրանք թալանել են, մենք ինչ-ինչ պատճառներով լռել ենք. չեն կարող և չեն արել»։

Էդմոն Մարուքյանը նկատեց՝ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ ՀՀԿ ղեկավարը. «Չեմ կարծում, թե ՀՀ քաղաքացիներն ունեն նման զգացողություն, որ նա ընդդիմության առաջնորդն է։ Վերջին հաշվով, ընդդիմությունն ապագա իշխանությունն է, և չեմ կարծում՝ ՀՀ քաղաքացիները ՀՀԿ-ին տեսնում են՝ որպես ապագա իշխանություն»։

Նա լրագրողներին ասաց, որ չհարցնեն ՀՀԿ-ից, ինքն այլևս երբևէ ամբողջ քարոզարշավի ընթացքում չի անդրադառնա նրանց։

Ըստ Մարուքյանի՝ ընտրողները հասկանում են, որ «Լուսավոր Հայաստանը» լուսավորական գաղափարների վրա խարսխված քաղաքական միավոր է, հասկանում են, որ դա գիտության, կրթության, մարդու ազատությունների, խղճի, մտքի, դավանանքի, մարդու արժանապատվության վրա խարսխված քաղաքական միավոր է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանն էլ հավելեց, որ իրենց գործունեությունն ավելի է պատմում իրենց մասին, քան իրենք կարող են դա անել. «Հետևաբար, այն ինչ պետք է ասենք մեր քաղացիներին, այն է, որ մենք ամենալավն ենք, և դուք ստիպված չեք ընտրել չարյաց փոքրագույնը»։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն այս կամ այն ուժին կապելուն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ Հայաստանում եթե ուզում են մարդուն փչացնել, նրան կապում են իշխանությանը. «Հիմա էլ մեզ կապում են նոր իշխանության հետ, ասում են՝ ուզում են Նիկոլ Փաշինյանի համար լինել չգիտեմ՝ ինչ ընդդիմություն։ Կան գաղափարական տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ, և յուրաքանչյուրս արել ենք մեր անելիքը։ Իրենք դա են արել, մենք էլ ապրիլի 17-ին փշալարերի միջով անցնելով՝ հասել ենք խորհրդարան, որ Սերժ Սարգսյանի երեսին ասենք այն, ինչ մտածում է Հայաստանի ժողովուրդը կամ Սփյուռքը։ Մարդիկ շատ լավ հասկանում են՝ ով ինչ է արել»։

Տեսանյութեր

Լրահոս